«Էրդողանը ռազմական հանցագործ է, որը սպանում է անմեղ քրդերին Սիրիայի սահմանին և փորձում է մերժել Լիբանանից Իրանի հրահանգով հարձակված ահաբեկչական կազմակերպության դեմ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»,- գրել է X-ի իր միկրոբլոգում Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը: Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխան հայտարարության մեջ «անհարգալից» է որակել այս գրառումը, որը «կարող էր անել միայն ցեղասպանության մեջ մեղադրվող պետության պաշտոնյան»։               
 

Գայանեի մասին լեգենդներ էին պատմում

Գայանեի մասին լեգենդներ էին պատմում
12.06.2024 | 15:01

17-րդ դարի սկզբներին Արցախի Վարանդա գավառի մելիք Հուսեյնի աղջկա` Գայանեի մասին լեգենդներ էին պատմում:

Ասում էին` նա այնքան գեղեցիկ էր, որ մի հայացքով կարող էր շանթահարել ցանկացած տղամարդու: Գայանեին փորձում էին կնության առնել իշխաներն ու մելիքները, նրա ձեռքը խնդրելու էին գալիս անգամ հարևան երկրներից, սակայն ոչ ոքի չէր հաջողվում նրա սիրտը գրավել: Աղջիկը որքան գեղեցիկ էր, նույնքան էլ՝ խելացի:

Ի՞նչ պայմաններում էր ապրում գեղեցկուհին, արդյոք ունե՞ր ամուսնական ընտրություն կատարելու ազատություն:

Արցախի Վարանդա գավառի Ավետարանոց գյուղաքաղաքում էր ապրում մելիք Հուսեյնն իր իմաստուն կնոջ և գեղեցկուհի աղջկա հետ:

17-րդ դարի սկզբին թուրք հրոսակները ներխուժեցին Ավետարանոց ավան: Թուրք զորապետը տեսավ Գայանեին ու սիրահարվեց, բայց նույնիսկ նրա անկեղծ սիրո խոստովանությունը չդրդեց հայ աղջկան համաձայնություն տալ և ամուսնանալ թուրք բռնակալի հետ: Գայանեն անկոտրում էր իր որոշման մեջ և վճռական իր գործողություններում: Նա անելանելի դրության մեջ էր:

Գայանեն ոչ միայն գեղեցիկ էր, այլև` խորագետ: Նա արյունահեղությունից խուսափելու համար թուրք զորապետին կեղծ խոստում է տալիս ամուսնության, բայց իր համախոհների հետ, որոնց մեջ էր նաև նրա մայրը, մի գիշերվա ընթացքում սպանում է թուրք զորապետին և զորքին:

Գայանեն ոչնչացրեց մի ամբողջ զորքի և պատմության մեջ մնաց որպես հերոս կնոջ կերպար:

Գայանեի հայրը`մելիք Հուսեյնը, պայքարի ղեկավարներից էր: Այն, ինչ տեղի ունեցավ հետո, պատմության մեջ դաջվեց որպես Արցախի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկը: Գայանեի արարքով ոգեշնչված` ժողովուրդը ձեռքն առավ զենքը և ոտքի ելավ: Ազգային համընդհանուր ըմբոստությունը օգնեց թեկուզ ժամանակավոր, բայց ազատել Արցախը թշնամիներից:

Գայանեն կայացրեց ևս մեկ համարձակ ու ոչ պակաս ճակատագրական որոշում. նա մտավ կուսանոց: Արցախի Ավետարանոց ավանում գործող Կուսանաց անապատը ապաստանեց գեղեցկուհուն: Մայրապետ Հռիփսիմեն առանձնակի ոգևորությամբ ընդունեց խիզախ աղջկան: Վանքում Գայանեն կրթություն ստացավ և դարձավ գրչուհի. նա ձեռքն առավ գրիչը և ընդօրինակեց ու ծաղկեց ձեռագիր մատյաններ, մի երևույթ, ինչը բնորոշ էր առավելապես տղամարդկանց, և դա զարմանալի չէ, քանի որ աղջկա նախկին արարքը նույնիսկ ամեն մի տղամարդ չէ, որ կխիզախեր անել:

Գայանեն ուսումնատենչ էր և արագ տիրապետեց գրչության արվեստին: 1641-ին Գայանեն գրեց «Մաշտոց»:

Ձեռագրի հիշատակարանում նշվում է, որ ստացողը Մարտիրոս քահանան է, պատվիրատուն` պարոն Ջանումը:

(«Մաշտոցը» Հայ առաքելական եկեղեցական ծիսական գիրք է: Պարունակում է ծեսերի և խորհուրդների կարգ և աղոթքներ):

Գայանեն իր ձեռագրում առանձին տողով ուղերձ է գրել` ասելով.

«Եթե գիրս կամենան առնել տեր Մարտիրոսի ձեռից, թող կանգնեն ահեղ դատաստանի առջև, նաև կաղաչեմ հիշել հարազատ քույր Հռիփսիմեին` հոգևոր ծնող, որ մանկուց դաստիարակեց ինձ:

Հռիփսիմե կույսը ապաստան տվեց դժվարությունների առաջ կանգնած գեղեցկուհուն, զբաղվեց նրա կրթության հարցերով, իսկ երբ Հռիփսիմեն փոխադրվեց Շենհերի անապատ, Ավետարանոց Կուսանաց անապատի մայրապետ դարձավ Գայանեն:

Գեղեցկուհի, խիզախ աղջկա կյանքը հետագայում հիմք հանդիսացավ Լեոյի «Մելիքի աղջիկը» (1898 թ) ավանդազրույցի համար: Այս ստեղծագործության հիման վրա Ստեփանակերտի թատրոնում պիես բեմադրվեց, ավելին` ոմանց կարծիքով Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի հիմքում արցախցի Գայանեի կերպարն է:

Նյութի աղբյուր՝ Հայուհիների ակումբ ArmLady Club

Հ.Գ.

Պահպանված բացառիկ ձեռագրի այս լուսանկարների տրամադրման և «Հայ կանայք գրչարվեստում» շարքին նշանակալի աջակցություն ցուցաբերելու համար շնորհակալություն ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ-ին՝

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 1697

Մեկնաբանություններ