Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Սեփական բարոյական կողմնացույցները ներքին ստուգման ենթարկելու անհրաժեշտություն կա

Սեփական բարոյական կողմնացույցները ներքին ստուգման ենթարկելու անհրաժեշտություն կա
13.06.2024 | 13:50

Իրավիճակը գնալով ավելի է բարդանում, քանի որ զգացմունքները, բարոյական սկզբունքները մի կողմից, իսկ հանրային սպասումներն ու անելիքների սթափ գիտակցումը մյուս կողմից սուր հակասության մեջ են գտնվում։

Բագրատ Սրբազանի խորը հիասթափությունն ու դժգոհությունը՝ կապված ոստիկանական ուժերի և ոստիկանության ղեկավար անձնակազմի գործողությունների հետ, ոստիկանության համակարգային թերացումների և լիազորությունների չարաշահման, նույնիսկ՝ վերազանցման մի յուրատեսակ արձանագրում էր։ Հետևաբար, նրա՝ ոստիկաններին անվերապահորեն (վերից վար) «խուլիգան» անվանելը իրավապահ համակարգում վերաիմաստավորման և հիմնարար փոփոխությունների՝ թեև կոշտ, այնուամենայնիվ, կոչ պետք է ընկալել։

Բնական է, որ Սրբազանի կողմից նման «ընդհանրացումը» կարող է վիրավորական ընկալվել իրավապահ հանրության որոշ անդամների համար, ովքեր, այնուամենայնիվ, ձգտում են պատվով և արժանապատվորեն կատարել իրենց պարտականությունները։ Բայց սա այն մարտահրավերն է, որը ներկայացվում է բոլորին, ովքեր ծառայում են պետական համակարգում, այդ թվում՝ ոստիկանությունում: Կարևորն այստեղ ոչ այնքան պիտակավորումն է, այլ այն, թե արդյո՞ք դուք իսկապես անում եք հնարավորը ձեր պարտականությունները բարոյա-էթիկական ամենաբարձր չափանիշներին համապատասխան կատարելու համար:

«Մենք պարզապես մեր գործն ենք անում» արտահայտությունն այլևս չի կարող արդարացնել համամարդկային արժեքներին հակասող գործողությունները կամ հանցավոր անգործությունը: Միշտ կա ընտրություն՝ անել ճիշտը, դառնալ արժանավայել պահվածքի և հասարակությանը ծառայելու օրինա՞կ, թե՞ թաքնվել ձևակերպումների ու արդարացումների հետևում՝ ժխտելով սեփական պատասխանատվությունն ու փոփոխության հնարավորությունները։

Պետական մարմիններում և հատկապես ոստիկանությունում ծառայելը մեծ պատիվ ու պատասխանատվություն է։ Դա պարզապես աշխատանք չէ. դա ծառայություն է Հայրենիքին, հասարակությանն ու համայնքին, դա օրենքի, կարգի և յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանություն է: Եթե ոստիկանը կամ որևէ այլ պետական ծառայող զգում է, որ ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները այս բարձր չափանիշներով, կարո՞ղ է վրա է հասել ժամանակը վերանայելու իր կոչումն ու դերը, կամ, առհասարակ, գտնվելը համակարգում:

Այսպիսով, Բագրատ Սրբազանի կոչը (թեև արտահայտված բավականին կոշտ ձևով) կարող է և պե՛տք է մտորումների առիթ դառնա հանրային ծառայության մեջ ներգրավված յուրաքանչյուրի համար։ Նա հիշեցնում է բոլորին՝ սեփական բարոյական կողմնացույցները ներքին ստուգման ենթարկելու անհրաժեշտության մասին:

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 5564

Մեկնաբանություններ