«Որքան երկար տևի ուկրաինական ճգնաժամը, այնքան Եվրոպային և աշխարհին ավելի մեծ վնաս կհասցվի»,- Ֆրանսիա իր այցի կապակցությամբ Չինաստանի կառավարության կայքում և ֆրանսիական Le Figaro պարբերականում գրել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը։ Ըստ Ֆրանսպրեսի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավոր առաջնահերթությունը Սի Ծինպինի Փարիզ այցի ընթացքում լինելու է վերջինիս զգուշացնելը, թե որքան վտանգավոր է Ռուսաստանին ՈՒկրաինայի դեմ պատերազմում աջակցելը։               
 

Ֆուտուրիզմից ռեալիզմ («պետականամետ» քրոնիկոն)

Ֆուտուրիզմից ռեալիզմ («պետականամետ» քրոնիկոն)
23.04.2024 | 08:14

Նախորդ դարակեսից Աբովյան 16-ը Հայկական աշխարհի (այն է՝ Հայաստանի սովետական սոցիալիստական ռեսպուբլիկայի), և ընդհանրական հայոց Սփյուռքի կենտրոնաձիգ կառույցներից էր, ինչպես որ էին Մատենադարանն ու Պետհամալսարանը, Գիտությունների ազգային ակադեմիան և Ալեքսանդր Թամանյանի ժառանգությունը։
Ինչպես որ էին՝ (վստահաբար ու աներկբայորեն են) Մխիթարյան միաբանությունը, Երուսաղեմի հայկական վեհաշունչ հետքը, Լազարյան ճեմարանը և․․․ Ագռավաքարը։

Աբովյան-16-ը ազատության, լուսավորության և առաջընթացի կղզի է։ Միաժամանակ ձևական տիրույթում ենթարկվելով Մուրճ-մանգաղի տոտեմ-խորհրդանշանով և երկաթյա վարագույրով ամրոցված կայսրություն գաղափարական կաղապարումներին Աբովյան-16-ում կերպարվեստի մակընթացություն էր, հանճարեղ Սարյանն էր, հաճախ այցելում, շրջապատված տաղանդաշատ վարպետների աստղաբույլով, Քոչարն էր համաշխարհային կերպարվեստի նորարարական հոսքերը «մտրակահարում», նկարչի տանն էր ձևակերտվում, ի կյանք կոչվում նախորդ դարի առաջադեմ ոլորէջների պտուղը։

Հովհաննես Զարդարյանի «Գարուն» կտավը նախորդեց Խրուշչովյան հռչակավոր ձնհալին։

Հենրիկ Իգիթյանը Խորհրդային կայսրությունում հղացավ ու տաճարակերտեց «Մանկական պատկերասրահ» և «Ժամանակակից արվեստի թանգարան»։

Վերջինս Հայկական ավանգարդի կնքահոր, ավելի ստույգ՝ խնամատարի դերը ստանձնեց, տարբեր ուղիներով ի զոր եղավ Մարտին Պետրոսյանի, Վրույր Գալստյանի և Մինաս Ավետիսյանի, Հենրի Էլիբեկյանի ու Աշոտ Հովհաննիսյանի, Ռուբեն Ադալյանի և այլոց որքան ազգային նույնքան էլ համամոլորակային արվեստը ներկայացնել արվեստասեր աշխարհին, հատելով բոլոր սահմաններն ու խորտակելով արգելապատնեշները։
Այս ամենն անմիջական կապ ունի Հայաստանի նկարիչների միության հետ։ Չէ՞ որ վերոնշյալ (և շատ այլ) հրաշալի վարպետներն արարելով իրենց ստեղծարար անդաստան արվեստանոցներում, որպես տքնանք-բերկրանքի փառավոր վերջնարդյունք ուղևորվում էին դեպի Աբովյան-16։
Բյուր արվեստանոցներից բազում ճանապարհներ էին սկիզբ առնում դեպի Տաճար, դեպի Հայաստանի նկարիչների միություն։
Եվ հենց այստեղ էր կերպարվեստի անհատական արարումը վերածնվում-վերահառնում վերածննդի, անհատը Երկնավորից շնորհված արարչական շնորհի Կենաց ծառի պտուղն ու տերևը ներկայացնում է արվեստակից ընկերներին, արվեստասեր բարեկամներին և, ի վերջո, երկրի պատմությանը։
Այս ամենը հաշվի առեք «պետականակերտման» քրոնիկոնի հայտնի- անհայտ կնքահայրեր և եղերամայրեր՝ Հայաստանի Հանրապետությունում և այլուր։

Ֆուտուրիստական սցենար՝ ձեռամբ ՀՀ վարչապետի
«Միանգամից ասեմ, որ հնարավոր չէ այդպիսի սցենարը, որ նկարիչները զրկվեն իրենց տնից։ Բայց հնարավոր է այնպիսի սցենար, որ ոչ միայն նկարիչների միությունը, այլև բոլոր նմանատիպ կազմակերպությունները զրկվեն կամայական ձևով այդ շենքերը վաճառքի հանելու հնարավորությունից»։
Հուշում եմ ՀՀ վարչապետին՝ Ֆուտուրիզմը ապագայապաշտություն է։
Սակայն Ձեր ապագայապաշտական սցենարի հանգուցալուծումն է, մեղմ ասած, տարակուսելի․ «․․․ բերել նմանատիպ կազմակերպությունները զրկվեն կամայական ձևով այդ շենքերը վաճառքի հանելու հնարավորությունից»։
Եվ, քանի որ, ինքս իրապաշտ-էքսպրեսիոնիստ եմ, ներկայացնում եմ ուշագրավ իրողություններ, որոնք, հուսամ, լույս կսփռեն և՛ Ձեր, և՛ ՀՀ դատախազության, և՛ դատարանների անհեռանկար հարցերի և վարույթների վրա։
Ա
1992 թվական։ Լուծարվում է ՀՆՄ գեղարվեստի ֆոնդը։Միության ողջ գույքը մնում է առանց սեփականության վկայականի։
Բ
1992-ին օտարվում են ՀՆՄ գեղարվեստի նշանավոր սալոնները՝ 4-ը Երևանում, 1-ը՝ Էջմիածին քաղաքում։
Գ
1995 թվական։ Կասկածելի մի գործարքով վաճառվում է ՀՆՄ նորակառույց շենքը՝ շուրջ 4000 քմ մակերեսով․ 2000 քմ շրջակա տարածքով։
Այստեղ նշեմ մի կարևոր հանգամանք․ «Սեփականաշնորհման և ապապետականացման մասին» ՀՀ օրենքով, ընդունված

1992-ին (կարծես այս էր օրենքի անվանումը), Հասարակական կազմակերպությունների, ԴՕՍԱՖ-ի, Հայկոոպի և ստեղծագործական միությունների գույքը ենթակա չէր օտարման։
Հետևաբար, ՀՆՄ նորակառույցը վաճառվել է օրենքի խախտմամբ։ Այստեղ, ինչ խոսք, մտորելու բան կա։
Ի դեպ, ՀՆՄ Գեղարվեստի ֆոնդը լուծարվեց, քանզի նշյալ ֆոնդի ի կյանք կոչողը Խորհրդային կայսրությունն էր, մեր դեպքում՝ ՀԽՍՀ-ն։
Հայաստանի նկարիչների միության գույքի պետականացման արգո նվիրյալ ջատագովներ, գուցե վերականգնեք ՀՆՄ գեղարվեստի ֆոնդը։
18-ը ապրիլի, 2024 թվական
Ժամը 12 00 -ին ՀՆՄ «Արա Սարգսյան» ցուցասրահում կայացավ մամլո ասուլիս, ՀՆՄ և ՀԳՄ նախագահների, և գեղարվեստական ակտիվի մասնակցությամբ։
Ասուլիսն անտեսեցին և իշխանական «Հ1» հեռուստաընկերությունը, և՛ ընդդիմադիր «Հ2», TV5, ABC MEDIA և այլ հեռուստաընկերություններ, կայքեր և թերթեր։
Այս հույժ կարևոր ասուլիսը (մասնակցությամբ ՀՆՄ-ի փաստաբանների) հավուր պատշաճի լուսաբանեցին «168 ժամը», «Հրապարակ» և «Առավոտ» հարգարժան լրատվամիջոցները։
Մեջբերում եմ ՀՆՄ նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքը, որը միանգամայն ռեալիզմի տիրույթում է, անշուշտ՝ լավատեսական և կանխատեսելի հիմնավորումներով․

«Այս գույքը, ավագ սերնդի ներկայացուցիչները կհաստատեն իմ ասածը, 1950-ականներին կառուցվել է հատուկ Նկարիչների միության և հատուկ նկարիչների համար։ Այս ցուցասրահները նկարիչների համար են ստեղծվել և մինչ օրս գործում են նշանակությանը համապատասխան։ Մենք այս գույքը ժառանգություն ենք ստացել Մարտիրոս Սարյանից, Արա Սարգսյանից, ով հիմնադիրն է Նկարիչների միության, Գաբրիել Գյուրջյանից։ Եվ այդ ժառանգությունը հետագայում պահել-պահպանել է իմ պապը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանն իր ընկերներով»։
Կա՞ որևէ ավելացնելու բան՝ բանականության և բարոյականության տիրույթում։ Ո՛չ։
ՎԵՐԵԼՔԸ
1999 թվական։ ՀՆՄ վարչական շենքը և կից ցուցասրահները ամրագրվում են երկրի և պետության կյանքում՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՎ
Մեկ տարի անց սեփականության վկայականով օծվեցին Շորժայի և Ծաղկաձորի «Նկարիչ» ստեղծագործական հանգստի տները։
2006 թվական։ Մեկնարկեց Հայաստանի նկարիչների միության վարչական շենքի և ցուցասրահների վերակառուցումը։
Ընդ որում, վարչական հատվածն ավելացավ 200 քմ-ով, ցուցասրահները՝ 165 քմ-ով։
Հիմնարար առաջընթաց՝ հանուն ազգի ու պետության 2018 թվական։ ՀՆՄ 19-րդ համագումարում ընտրվեց Միության 11-րդ նախագահը՝ գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանը։
Ժամանակը հիմնավորեց՝ ընտրությունը ճիշտ էր։ Ավելին նպատակային էր և լիովին արդարացված։
Այսպես, հիմնանորոգվեց Շորժայի «Նկարիչ» ստեղծագործական հանգստի տունը, ներկայանալով շորժայասեր արվեստագետներին ու արվեստասերներին՝ բարձրակարգ հանգստյան տան կարգավիճակով։ Յուրաքանչյուր տարի, հունիսին և սեպտեմբերին այստեղ մեկնարկում են ավանդական ստեղծագործական հավաքները՝ Միության անդամների մասնակցությամբ։ ՀՆՄ նոր մասնաճյուղեր բացվեցին Էջմիածնում, Իջևանում, Ալավերդիում և Մարտունիում, և դեռ բացվելու են նոր նմասնաճյուղեր։
2018-2024 թթ․ ստեղծարար գործընթացներ են կյանքի կոչվել ՀՆՄ-ի, ՀՀ կառավարության, և ԿԳՄՍ-ի հետ։
Միությունը մշակութային հուշագրեր է վավերացրել Ֆրանսիայի, Իրանի, ՈՒզբեկստանի, Ղազախստանի և Չինաստանի հետ։
Նպատակը՝ հայ ազգային կերպարվեստը հանրահռչակել քաղաքակիրթ աշխարհում։
Նաև՝ պետականակերտ գործեր, միջոցառումներ և հանդիսություններ, որոնք հետք են թողել Երրորդ Հանրապետության կյանքում։
«Հայաստանը չին նկարիչների, Չինաստանը հայ նկարիչների աչքերով»:
Աննախադեպ այս նկարահանդեսը նվիրեց ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակին։ Հայ նկարիչները պատկերագրեցին Չինաստանի, չինացի վարպետները Հայաստանի աշխարհիկ ու հոգևոր կառույցները և շրջակա բնաշխարհը։


«ԱՐՎԵՍՏՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ»
Ի․ Ռեպինի անվ․ Գեղարվեստի ակադեմիայի և ՀՆՄ-ի մասնակցությամբ, ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ Հայաստանում կազմակերպվեց պլեներ, հրատարակվեց պատկերագիրք։
Եվ այլն։

ՎԵՐՋԵՐԳ
Մի՞թե կասկածի նշույլ կա, որ Հայաստանի նկարիչների միությունը հանկարծ մի օր կարող է՝․ «կամայական ձևով» իր գույքը վաճառքի հանի։ Մի՛ կասկածեք ու մի՛ տագնապեք երբեք։
Հայաստանի նկարիչների միությունը վերջին 25 տարիներին կառուցվել է, վերաշինվել և ծառայում է մեր երկրին և մեր պետությանը։
Աբովյան-16-ը երկրաշինության ուղիով է առաջ ընթանում։
Այստեղ կամայականությունը մերժված է և՛ բարոյական, և՛ բանական տեսանկյունից։
Հետևաբար՝ Հայաստանի նկարիչների միյությունը ՊԵՏԱԿԱՆԱԿԵՆՏՐՈՆ կառույց է։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ․Գ․

Ես, ինչպես իմ նախորդ նյութում կրկին դիմում եմ Հայաստանի ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին, առաջարկելով հրատապ նիստ հրավիրել և ընդունել օրենք ստեղծագործական միյությունների մասին։

Դիտվել է՝ 4272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ