Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ՈՒկրաինայի հետ ռազմագերիների փոխանակման մասին՝ «90-ի դիմաց՝ 90» բանաձևով։ «Ազատ արձակված զինծառայողները ՌԴ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով կտեղափոխվեն Մոսկվա։ Բոլոր ազատվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժհոգեբանական օգնություն»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։                
 

Նկարչուհու գունավոր թելերի ներկապանակը

Նկարչուհու գունավոր թելերի ներկապանակը
30.04.2024 | 10:50

Հայաստանում 20-րդ դարի 60-90-ական թվականներին հայ նկարիչների մի խումբ ներխուժեց դեկորատիվ կիրառական արվեստի՝ տեքստիլի ենթակայության տակ զարգացող միանգամայն նոր բնագավառ, որին Եվրոպայում ընդունված էր անվանել գոբելեն, այսինքն՝ պատի գորգ, որմնագորգ։ Որմնագորգն իրականում ինտերիերային պատի հարդարանք է։ Այն հիմնականում կատարվում է դասական հարթ տեխնիկայով, բրդյա, կիսաբրդյա, վուշե, բամբակյա թելերով (երբեմն զուգորդում են նաև այլ նյութեր): Կատարման տեխնիկայով այն կրկնում է հայկական գորգի, կարպետի, մաքրամեի և երբեմն էլ՝ ասեղնագործության ոճերը:

Որմնագորգն իր հորինվածքային հարթության մեջ ազատ է, իր թեմայի ընտրության մեջ չունի սահմանափակումներ, այն միայն կախված է հեղինակի մտքի թռիչքից, թեմայի ընտրությունից, էսքիզների կատարման որակից և վերջապես նկարիչ ստեղծագործողի ճաշակից: Սկզբնական շրջանում նկարիչների համար ներշնչանքի աղբյուր հանդիսացան ժողովրդական արհեստները, ազգային մշակույթը: Այնուհետև ազգային հենքին եկան լրացնելու համաշխարհային մշակույթը՝ դասական և ժամանակակից կերպարվեստը, ինչպես նաև տարբեր ժողովուրդների գեղարվեստական տարաբնույթ ոճերը: Գոբելենի բնագավառում ստեղծագործական վերելքի և նշանակալի ձեռքբերումներին նպաստեց այդ ժամանակահատվածում մեծ թվով հասարակական նշանակության ճարտարապետական շինությունների կառուցումը: Իրավամբ որմնագորգն իր բնույթով ունի գործնական նշանակություն՝ այն զարդարում և գեղեցկացնում, լրացնում և իմաստավորում է ճարտարապետական ինտերիերը: Գեղարվեստական մոնումենտալ որմնագորգը, վարգույրը փոխներգործեց ճարտարապետության հետ՝ մասամբ իր վրա վերցնելով ու լրացնելով տարածական միջավայրի իմաստային և գունային ներդաշնակությունը: Ինտերիերային որմնագորգերում հնարավոր դարձավ անդրադառնալ ժողովրդին հետաքրքրող, հասարակական առավել նշանակություն ունեցող թեմաների և դրանք ներկայացնել ազգային և համաշխարհային խորհրդանիշերի այլաբանական լեզվով: Այս դեպքում արդեն հեղինակը ստորագրում էր գոբելենի վրա գեղանկարչին հավասար իրավունքով: Ավելի հստակ՝ «թելով գեղանկարչությունը» դրսևորվեց որպես տվյալ ժամանակի գեղարվեստական մտքի և ստեղծագործ աշխատանքի արտահայտման յուրօրինակ ոճ: Քանի որ այդ ժամանակահատվածում որմնագորգն ուներ մեծ պահանջարկ, այդ գործընթացում հրապուրվեցին և ներգրավվեցին բազմաթիվ տեքստիլի նկարիչներ, ինչպես նաև կերպարվեստի այլ տեսակներով աշխատող արվեստագետներ: Անխոնջ և տքնաջան աշխատանքի հետ այս ամենի համադրումը զուգակցվելով՝ հնարավորություն տվեց ստեղծել հայկական որմնագորգի՝ գոբելենի կայացած և ինքնահաստատված դպրոց, որի ստեղծմանն ու զարգացմանը մեծ ներդրում ունեցան նկարիչներ՝ Կարո Եղիազարյանը, Հասմիկ Ղազարյանը, Աստղիկ Ոսկերչյանը, Մարգարիտա Փարեմուզյանը և այլոք: Որմնագորգի ազգային դպրոցի ձևավորումը սրընթաց վերելք ապրեց, երբ դրանով հրապուրվեցին երիտասարդ սերնդի շնորհալի նկարիչներ՝ հենվելով ազգային դեկորատիվ արվեստի ամուր հիմքերի վրա, օժտված տաղանդով, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և, ամենակարևորը, արդի ստեղծագործական մտածողությամբ:
Այսօր ուզում եմ ներկայացնել իր յուրօրինակ գոբելենային մտածելակերպով առանձնացող նկարչուհի ԱՍՏՂԻԿ ՈՍԿԵՐՉՅԱՆԻՆ: «Ճանաչենք Հայ մեծերին» կենսագրական հանրագիտարանում նրա մասին կարդում ենք․ հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ հայ գոբելենագործուհի Աստղիկ Ոսկերչյանը ծնվել է 1947 թ. փետրվարի 24-ին, Լենինականում (այժմ Գյումրի):
Նրա հայրը շնորհալի, զուսպ և համեստ նկարիչ Գիսակ Ոսկերչյանն էր, որից Աստղիկը ժառանգել է արվեստը սիրելու, գնահատելու և արվեստին անվերապահորեն նվիրվելու շնորհը: Դեռ դպրոցական տարիներից նա երազում էր դառնալ նկարիչ, ուստի ընդունվեց Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, որն ավարտելուց հետ (1973 թ.) ուսումը շարունակեց Երևանի պետական Գեղարվեստա-թատերական ինստիտուտում:
ՈՒսումնառության տարիներին նրան դասավանդում են այնպիսի շնորհաշատ նկարիչներ, ինչպիսիք են՝ Ռուդոլֆ Գարգալոյանը, Զուլում Գրիգորյանը, Սուրեն Նազարյանը, Մինաս Ավետիսյանը, Մկրտիչ Սեդրակյանը և ուրիշներ:
Դեռ ուսանող Աստղիկը մասնակցում է Մոսկվա-Ռիգա կիրառական արվեստի միջազգային սիմպոզիումին նվիրված ցուցահանդեսին:
1979 թ․ փայլուն տվյալներով ավարտում է ինստիտուտի գեղարվեստական գործվածքի բաժինը և նրա համար բացվում են ստեղծագործական նոր հորիզոններ․ ամենայն նվիրվածությամբ սկսում է աշխատել գեղարվեստական գործվածքի բնագավառում: Հենց այդ տարի Աստղիկը Սարդարապատի ազգագրության թանգարանի համար պատրաստում է «Ղողանջ» որմնագորգը՝ հարազատ մնալով ազգային թեմատիկային՝ օգտագործում է հայկական ավանդական կարպետի տեխնիկան և ոճը: Նրա այս գոբելենն աչքի է ընկնում համարձակ հորինվածքով, շքեղ գունային լուծումով և սասունցիներին բնորոշ պարային ռիթմով:
1979 թվականից Աստղիկը Հայաստանի նկարիչների միության անդամ է:
Եվ ահա մեկը մյուսին սկսում են հաջորդել Աստղիկի՝ թարմ արտահայտչաձևերով հատկանշվող գոբելենները: Պահպանելով արվեստագետի տաղանդի բազմաշերտությունը՝ իրեն բնորոշ հորինվածքային ստեղծագործական ոճով Աստղիկը կարողանում է յուրաքանչյուր աշխատանքով աստիճանաբար հարստացնել ստեղծագործական միտքը, շոշափել ժամանակի շնչով հագեցած թեմաներ, բարդացնել գունային հագեցվածությունը, ձեռք բերել թարմ արտահայտչամիջոցներ՝ նվաճելով բազմաթիվ արվեստագետների սերն ու համակրանքը:
Նրա ուշագրավ գոբելեններից են՝ «Կակաչ» (1979), «Նկարիչը» (1981), «Շախմատ» (1982), որը պահպանվում է ՌԴ մշակույթի նախարարության ֆոնդում, «Էրեբունի» հյուրանոցի բարի հարդարանքը լրացնող «Գինին» (1983), Հայաստանի Ազգային ժողովի նախագահի ընդունարանը զարդարող «Դեպի լույս» հորինվածքը (1985), Երևանում Արամ Խաչատրյանի Տուն-թանգարանի ինտերերի համար պատրաստված «Լեռնային երգը» (1986), Վոլգադոնսկ քաղաքի մշակույթի պալատի փոքր համերգային դահլիճի համար կատարված «Խաղաղ ատոմը» (1989) մեծածավալ վարագույրը:
Աստղիկ Ոսկերչյանի ինքնատիպ աշխատանքների շարքը լրացնում են՝ «Պահապան հրեշտակը» (1990), «Ցլամարտ» (1993), «Ավետումը» (2001), «Կարոտը» (2002):
Նկարչուհու աշխատանքներն առանձնանում են թեմաների արդիական ընտրությամբ, որմնագորգի ամբողջ մակերեսների կանացի նրբագեղ հյուսվածքի կատարումով, գունային լուծումների նրբերանգ անցումներով։ Շնորհիվ այդ ամենի նա կարողանում է լրացնել, հարստացնել հասարակական միջավայրը, որի համար նախատեսված է տվյալ գոբելենը կամ վարագույրը:
Զարմանալի գունագեղ է նկարչուհու գունավոր թելերի ներկապանակը՝ անցումներ հարվածային ուժեղ գույներից մինչև փափուկ և մեղմ նրբերանգներ, որոնք համահունչ շեշտադրում և իմաստավորում են տվյալ գոբելենի դերն ու նշանակությունը: Նրա լավագույն աշխատանքներից են՝ՙ «Պահապան հրեշտակը» (1990), «Պղծված սրբություն» (2010), «Ձեղնաձու» (2021), «Հաղթանակ» (2023):
Աստղիկ Ոսկերչյանը նաև հետաքրքիր գեղանկարիչ է։ Խորը ներշնչումով արված նրա յուղաներկ աշխատանքները ցուցահանդեսներում միշտ առանձնացել են իրենց յուրօրինակ թեմատիկայով, գույնով և կատարողական արվեստով:
Աստղիկ Ոսկերչյանը Երևանում, Հունաստանում, Մոսկվայում և Խորհրդային այլ հանրապետություններում բազմաթիվ ցուցահանդոսների է մասնակցել։ Այսօր նրա աշխատանքներից շատերը գտնվում են Հայաստանի մի շարք հանգստյան գոտիներում, Հայաստանի և Ռուսաստանի Մշակույթի նախարարության պահպանման ֆոնդերում, իսկ շատերը ցուցադրվում են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի անհատական հավաքածուներում: ՈՒնենալով աշխատելու անխոնջ կորով և աննկուն կամք՝ Աստղիկ Ոսկերչյանը նեցուկ եղավ որմնագորգի ազգային արվեստի ստեղծմանն ու զարգացմանը:
Նա իր ստեղծագործական կյանքում ուներ բարձրորակ արվեստը միջակից զանազանող հրաշալի օգնական ու խորհրդատու՝ ամուսին, որը նրան աջակից էր կյանքի և արվեստի բոլոր հարցերում: Այսօր ևս նկարչուհին շարունակում է ստեղծագործել, իսկ մեզ մնում է սիրով և ուրախությամբ սպասել նրա նորանոր աշխատանքներին:

Էմիլյա ՕՀԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2959

Մեկնաբանություններ