Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ՈՒկրաինայի հետ ռազմագերիների փոխանակման մասին՝ «90-ի դիմաց՝ 90» բանաձևով։ «Ազատ արձակված զինծառայողները ՌԴ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով կտեղափոխվեն Մոսկվա։ Բոլոր ազատվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժհոգեբանական օգնություն»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։                
 

Ե՞րբ պիտի հասկանանք, որ տաղանդը ազգայի՜ն հարստություն է, որ կարիք ունի պահպանման, հոգատարությա՜ն

Ե՞րբ պիտի հասկանանք, որ տաղանդը ազգայի՜ն հարստություն է, որ կարիք ունի պահպանման, հոգատարությա՜ն
09.01.2024 | 14:18

1999 թ. մայիսի 6-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի ունեցավ միջազգային գիտական կոնֆերանս՝ նվիրված Փարաջանովի ծննդյան 75-ամյակին։

Հայաստանը ներկայացնում էին Լեւոն Աբրահամյանը (ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ), ով վերլուծեց Փարաջանովի ֆիլմերը ազգագրության տեսանկյունից,

Սվետլանա Սարգսյանը (արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր), ով ներկայացրեց իր տեսակետը Փարաջանովի ֆիլմերի երաժշտությյան վերաբերյալ և տողերիս հեղինակը՝ Սուսաննա Դավթյանը, ով վերլուծեց Փարաջանովի ստեղծագործությունները արվեստի սոցիոլոգիայի տեսանկյունից։

Մոսկվայում, Երևանում անցկացրած սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները ներկայացնելուց հետո ներկաներին խնդրեցի ուշադրություն դարձնել իմ հետևյալ մտորումների վրա.

ի՞նչն է մեզ բոլորիս այս թանգարանում համախմբել.

սե՞րը, հարգանքը, հիացմունքը Փարաջանովի ստեղծագործությունների նկատմամբ,

խոնարհու՞մը նրա հարկադրաբար կորցրած տարիների, անասելի տառապանքների առջև...

Բայց մեզ բոլորիս համախմբող ամենակարևոր զգացումը ցավն է, մեզ տանջող ցավը, մեղքի զգացումը:

Ես, իհարկե, խոսում եմ ի՛մ զգացումների մասին, սակայն խիղճ ու հոգի ունեցող ամեն հայ պետք է, որ ունենա այս նույն ապրումները, զգացումները:

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մեր վերաբերմունքը նրա արվեստի նկատմամբ քննելիս, պիտի փաստենք, որ բոլորս պա՛րտք մնացինք իրեն: Բոլո՛րս: Բառացիորեն բոլորս: Մեկս՝ քիչ, մեկս՝ շատ, բայց բոլորս: Մեղավորությա՜ն, մեղքի մեր բաժինը բոլորս ունենք:

Մեղքի մեր բաժինը նրա արվեստի՜ նկատմամբ, մեր ազգայի՜ն մշակույթի նկատմամբ, համաշխարհայի՜ն մշակույթի նկատմամբ: Գոնե այսօր կարո՞ղ ենք պատասխանել՝ ինչու՞ չնկարահանեց «Սասունցի Դավիթը», «Արա Գեղեցիկն ու Շամիրամը»:

Ինչու՞ իր վիթխարի շնորհի փշուրնե՜՜րը միայն կարողացավ տալ հայ մշակույթին:

«Իմ կենսագրությունը» մենախոսության մեջ (1988թ.) գրել էր.

«ՈՒկրաինան գրոհում էր ինձ, որ նկարահանեմ «Ասք Իգորի գնդի մասին»: Ինձ համար դա բարձրագույն պարգև էր»:

Մեր գրոհնե՞րն ուր մնացին...

Ե՞րբ պիտի մեր մտածելակերպը փոխենք: Վերջապես ե՞րբ պիտի հասկանանք, որ տաղանդը ազգայի՜ն հարստություն է, որ կարիք ունի պահպանման, հոգատարությա՜ն: Եվ որպեսզի «Գնա մեռի, արի սիրեմ»-ը մեզանից ընդմիշտ վերանա, հեռանա-գնա, գնահատենք, արժևորենք մեր տաղանդներին...կենդանությա՛ն օրոք: Ինչու՞ ենք մոռանում Ջիվանուն.

Կենդանի՜ մարդուն է արժան

պատիվ, հարգանք, շքանշան:

Մեռնելուց հետո արձա՞ն...

եղած-չեղած մի հաշիվ է...

Այսօր, գոնե այսօր, մտածենք այն մասին, որ ընդլայնենք նրան ճանաչել ցանկացողների շրջանակը: Գաղտնիք չէ, որ այսօրվա սերունդը չի տեսել նրա ֆիլմերը, չի ճանաչում, որովհետև դրանք կամ հազվադեպ են ցուցադրվում կամ բոլորովին չեն ցուցադրվում:

Օգնենք այսօրվա հանդիսատեսին հասկանալու դժվարամարս ֆիլմերը: Հիշում եմ, Մոսկվայում ուսանելուս տարիներին (70-ական թվականներ), գործում էր երկու կինոթատրոն՝ «Իլյուզիոն» և «Կրկնվող ֆիլմեր», որտեղ ֆիլմի ցուցադրումից առաջ բացատրում էին դժվարամարս ֆիլմերի առանցնահատկությունները, նրբությունները, օգնելով հանդիսատեսին ավելի լիարժեք ընկալելու դրանք:

Աչդյո՞ք Փարաջանովի ֆիլմերը չարժեն, որ մենք չարչարվենք այդ ուղղությամբ: Այսօր ևս խորհելու և գործելու առիթ է տալիս մեզ Փարաջանովը:

Հարգելի ընթերցող, այս բոլորը գրվել և այդ մասին պատմվել էր 1999 թ.

մայիսի 6-ին Փարաջանովի թանգարանում կազմակերպված միջազգային գիտական կոնֆերանսի ժամանակ:

Բայց թվում է...

Սուսաննա ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4662

Մեկնաբանություններ