Ըստ լրատվամիջոցների՝ ՔՊ կուսակցության վերջին ընդլայնված նիստում Նիկոլ Փաշինյանը, դժգոհելով մարզպետների աշխատանքից, ասել է՝ ինչո՞վ են զբաղված մարզպետները տեղերում: Դժվար է պատկերացնել, թե նա տեղյակ չէ մարզպետների աշխատանքային գործունեությունից, իսկ եթե տեղյակ է ու միջոցներ չի ձեռնարկում, չի պատժում, աշխատանքից չի ազատում մարդկանց, որոնք բնավ պատկերացումներ չունեն, թե որտեղ են աշխատում, ինչ լիազորություններ ու պարտավորություններ ունեն, նշանակում է՝ հանրային հիասթափության ծավալվող կրակի վրա ջրի փոխարեն նավթ է լցնում և կամա թե ակամա դրդում նոր հեղափոխության, որը, կարծում ենք, ձեռնտու չէ ո՛չ հանրությանը, ոչ Նիկոլ Փաշինյանին, ո՛չ էլ հեղափոխության ալիքի վրա բարձր աթոռների արժանացած պատեհապաշտներին: Չթվարկենք` որ մարզպետներն են դրանք. առանց այդ էլ իրենք իրենց զավեշտներով գրեթե ամեն օր հանրությանն այդ «հաճույքը» պատճառում են: Այդ ցանկին պատկանող առաջին պատահականություններից է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, որը նշանակման առաջին օրերից մարզպետարանին տվեց գրեթե համակենտրոնացման ճամբարի կարգավիճակ: Գրեթե բոլոր աշխատակիցներին զրկեց քաղծառայողների սահմանված լիազորություններից, բացի հավաքարարների գործառույթներից՝ մարզպետարանի մնացած պաշտոնների լիազորությունները վերցրեց իր վրա: Նա օրվա քսանչորս ժամը զբաղված է, բայց ոչ թե իր լիազորությունները կատարելով, այլ տարբեր «վետերոկներում» կերուխում անելով, քրեական հեղինակությունների հետ շփվելով և նրանց միջոցով հարց լուծելով: Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստերից մեկում անդրադարձավ քրեական հեղինակություններին, բացառեց նրանց գործունեությունը հանրապետությունում, իսկ նրանց հետ շփվողներին պատասխանատվության ենթարկելու կոչ արեց: Ահավասիկ՝ Արագածավանում հայտնի հեղինակություն Արտյոմը (Ծյոմ), Աշտարակի, Կարբիի և էլի մի քանի համայնքապետեր. մնացածը՝ օձն իր պորտով, հավքն իր թևով չի արժանանում մարզպետի հետ հանդիպմանը: Գյուղապետ, քաղաքացի, ՔՊ կուսակցության ներկայացուցիչ պիտի դիմեն նրա օգնական Տիգրան Եղիազարյանին, ասեն՝ ինչի համար են ուզում հանդիպել մարզպետին, վերջինս զեկուցի կամ չզեկուցի նրան, հետո միայն դիմում գրեն և անհուսորեն սպասեն իրենց դիմումների պատասխաններին: Մշտապես մարզպետարանից բացակայող մարզպետը իր իշխանությունը այդ շենքում հիշեցնելու համար կարող է միայն հանկարծակի ներխուժել աշխատասենյակներ, առանց պատճառի վիրավորել աշխատակիցներին և դուրս գալ: Նշենք, որ նրա աշխատանքային գործունեությունը երևում է միայն ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ գնացի, մասնակցեցի, ելույթ ունեցա: Այդպես գնացել, մասնակցել և ելույթ է ունեցել «Ապարանյան ձմեռ» փառատոնին, որն ավարտվել է Ապարան քաղաքում, իհարկե՝ կերուխումով, և շատ ուտել- խմելու արդյունքում իր համար ստեղծված խայտառակ վիճակով:
Մարզպետարանների աշխատակիցները վախենում են բարևել մարզպետին ոչ ցանկալի մարդկանց (այս դեպքում` գրեթե ողջ մարզին), կապվել նրա հետ աշխատանքային ներքին հեռախոսով, ցանկացած ծայրահեղ հրատապ հարցի դեպքում էլ կարող է չպատասխանել: Այդպես ամիսներ շարունակ նա մեկուսացրեց փոխմարզպետնեից մեկին և ի վերջո կարողացավ ազատել աշխատանքից, հիմա հերթը մյուս փոխմարզպետինն է` Գառնիկ Աթանեսյանինը, որը, մարզպետի քմահաճությամբ, զրկված է իր լիազորությունները կատարելու հնարավորությունից: Շաբաթական մեկ անգամ կազմակերպվող ընդունելությունները բնակչության հետ կարող են չկայանալ մի քանի շաբաթ, դա հայտնի է նաև նրա ֆեյսբուքյան էջից: Հանդիպման եկող մարդկանց գերակշիռ մասն էլ դիմում է լոկ դրամական օգնություն ստանալու նպատակով: Աշտարակում մարդիկ արդեն անեկդոտներ են հորինում Դավիթ Գևորգյանի շուրջ, իհարկե` իրական հիմքերով. ջնջեք Դավիթ Գևորգյանի ֆեյսբուքյան էջը, և նա կդադարի որպես մարզպետ գոյություն ունենալուց:
Այս ամենով հանդերձ, նա ստերի մեծ վարպետ է. տառացիորեն մատը մատին չտալով որպես մարզպետ, խոսում է չեղած աշխատատեղերի բացումից, մարզի տնտեսական զարգացումից, երբ լուրջ հարցով դեռևս ոչ մի համայնք չի այցելել: Իսկ մարզում բազմաթիվ ու բազմապիսի խնդիրներ կան, որոնցից ցանկացածին ձեռք մեկնելով ավելի է դրանք խճճում: Ահավասիկ Ապարանի տարածաշրջանի Արագած համայնքում կառուցված հէկերը: Նախընտրական շրջանում արագածցիներին և հարակից մի քանի համայնքի ընտրողներին ձայների դիմաց խոստացավ փակել հէկերը, ձայները ստացավ, բայց հէկերն աշխատում են, գործերն էլ դատական մարմիններում են։
Անշուշտ, սա առաջին հրապարակումը չէ տխրահռչակ Դավիթ Գևորգյանի մարզպետական գործունեության վերաբերյալ, հուսանք, որ վերջիններից կլինի: Սակայն վերջինս իրեն արդարացնելու և մամուլից պաշտպանվելու ծիծաղելի ձև է գտել, ասելով՝ գիտենք՝ ում լրատվամիջոցն է։ Իսկ իր յուրայինները դես ու դեն սպրդում են՝ ինչքան ուզում է գրեն, Ավինյանը մարզպետի տանիքն է: Չգիտենք` ինչքանով է Ավինյանը մարզպետին տանիք, բայց որ Ապարանյան ճակատամարտի տարեդարձի օրը ինքն էր հովանոցով Ավինյանին դարձել տանիք, փաստ է:
Ժողովրդական իմաստությունն ասում է՝ ասա, ով է ընկերդ, ասեմ ով ես դու: Եթե այս արտահայտությունը տանենք իշխանական դաշտ, ապա նրան նշանակած կառավարությունը իր ընկերն է: Դավիթ Գևորգյանի ընկերները մարզի երբեմնի հանրապետականներն են: Ստացվում է` կառավարությունը նաև հանրապետականների ընկերն է այս դեպքում: Մանավանդ որ Դավիթ Գևորգյանը չի ընդունում ՔՊ-ականներին, չի մասնակցում նրանց մարզային նիստերին, չի ընդունում նրանց քննադատությունները:
Կարծում ենք` ընթերցողը քիչ թե շատ պատկերացում կազմեց, թե ինչով է զբաղված մարզպետ Դավիթ Գևորգյանն իր մարզում, մնում է կառավարությունը և Նիկոլ Փաշինյանը պատկերացնեն: Այլապես գնացքը կգնա, և թռչելու ժամանակ չեն ունենա:
Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բանաստեղծ, հրապարակախոս