Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Ժամանակին այգում ոչ օրինական ճանապարհով գումարներ աշխատելու մեծ հնարավորություններ են ունեցել մարդիկ»

«Ժամանակին այգում ոչ օրինական ճանապարհով գումարներ աշխատելու մեծ հնարավորություններ են ունեցել մարդիկ»
07.12.2018 | 02:06

«Իրատեսը» զրուցել է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր ՌՈՒԲԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ՝ նպատակ ունենալով ի մոտո ծանոթանալու կենդանաբանական այգու և տնօրենի անձի շուրջ վերջին շրջանում չհանդարտվող աղմկոտ պատմություններին:
Զրուցել ենք նաև Կենդանիների փրկարար միջազգային կազմակերպության հիմնադիր տնօրեն Ալըն Նայթի հետ: Այդ զրույցը կներկայացնենք առանձին:
Ինչպես սովորաբար վարվում ենք նման դեպքերում, այս անգամ ևս հավաստիացնում ենք Ռուբեն Խաչատրյանի դեմ հանդես եկող կողմի ներկայացուցիչներին, որ պատրաստ ենք լսելու նաև նրանց՝ անաչառորեն հրապարակելով զրույցը մեր թերթի էջերում:


-Պարոն Խաչատրյան, Երևանի կենդանաբանական այգու շուրջ սկսված աղմուկը ունի խոր արմատներ: Չնայած այն բանին, որ այգու մի շարք այցելուների հետ զրուցելիս լսել ենք դրական կարծիքներ այգում կատարված բարեփոխումների վերաբերյալ, այսուհանդերձ, կան մարդիկ, որոնք շատ կտրուկ և սուր բնորոշումներ են տալիս այգում տիրող իրավիճակին և հենց Ձեր անձին: Ի՞նչ պատճառաբանություն ունի այս երևույթը:
-Աղմկողներն ընդամենը չորս հոգի են՝ ներկայումս կենդանաբանական այգում աշխատող մարդիկ: Նրանց միացել են մի քանի նախկին աշխատակիցներ, որոնք տարիներ առաջ լքել են այգին՝ հիմնավոր պատճառներով: Մասնավորապես, պատճառը եղել է այն, որ նրանք ո՛չ լուրջ, ո՛չ մասնագիտական վերաբերմունք են ունեցել իրենց աշխատանքի նկատմամբ: Ներկայիս աշխատակիցներից երեքը նույնպես ժամանակին ազատվել էին աշխատանքից՝ այդ նույն պատճառով: Մեկը ազատվել էր իր կամքով, որովհետև այլ տեղում ֆինանսապես ավելի լավ առաջարկ էր ստացել, հետո ինքս եմ նրան խնդրել վերադառնալ: Ամեն դեպքում, դրանք մարդիկ են, որոնք այսօր ամենաբարձր աշխատավարձն են ստանում կենդանաբանական այգում՝ տնօրենի աշխատավարձին հավասար աշխատավարձ: Իրենց կարծիքի հետ էլ միշտ հաշվի ենք նստում, միշտ հնարավորություն ենք տալիս ազատ արտահայտվելու, ընդառաջում թե՛ անձնական, թե՛ գործնական հարցերում: Կենդանիների հետ կապված խնդիրներին միշտ արագ արձագանք է լինում, որպեսզի դրանք շուտափույթ լուծում ստանան: Բայց կա այլ խնդիր. իրենք ժամանակին այգում ոչ օրինական ճանապարհով գումարներ աշխատելու մեծ հնարավորություն են ունեցել, մարդ է եղել, որ այգում գոմ է ունեցել, ապօրինի զավթել է այգու տարածքը, որտեղ այգու միջոցների հաշվին խոզեր է պահել:
-Անունը նշեք, խնդրեմ, որովհետև մենք պատրաստ ենք նաև զրուցելու և պարզաբանումներ ստանալու Ձեր դեմ բողոքողներից:
-Այգու աշխատակիցներն են ասում, որ այդ մարդը այգում փղին խնամող Գևորգ Գրիգորյանն է: Մյուսը, որ ընկել է այդ ալիքի տակ, կատվազգիների և շնազգիների ստորաբաժանման ավագ խնամող Արման Պետրոսյանն է, որը նախկինում, մինչ իմ տնօրեն նշանակվելը, ունեցել է հնարավորություն տարբեր կենդանիների, մասնավորապես՝ առյուծների, արջերի ձագերի միջոցով գումարներ աշխատելու. ինչպես այգու աշխատակիցներն են պատմում, նկարահանման կամ մեկ այլ նպատակով կենդանիներին դուրս է հանել այգուց: Եվ այս դեպքում զգալի գումարների մասին է խոսքը: Ոմանք ձի են ունեցել, որով զբոսանքներ են կատարել այգում և գումարներ աշխատել: Եվ այդ մարդկանց պատկերացումներում, հիշողություններում դաջվել է այն գաղափարը, որ իրենք զրկվել են այդ հնարավորություններից ներկայիս տնօրենի պատճառով: Այս մարդկանց միացել է և՛ կենդանաբանական այգում, և՛ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամում երկար տարիներ իմ կողքին եղած մի աշխատակից և նախկին ընկեր Մանուկ Մանուկյանը: Տասներեք տարի համատեղ աշխատանքից, ընկեր համարվելուց հետո այս մարդը որոշեց ամեն բան դնել մի կողմ, տուրք տալ իր անձնական շահին և տիրանալ հիմնադրամի ունեցվածքին: Մանուկը կարծում է, որ իմ կառավարումը սխալ է, որ ես մասնագետ չեմ, մի բան, որ տասներեք տարի ինքը չէր նկատել, ավելին, մշտապես գովասանքով է խոսել թե՛ իմ անձի, թե՛ հիմնադրամի գործունեության մասին:

-Վերաբերմունքի նման կտրուկ փոփոխությունը պետք է ինչ-որ հիմք ունենա: Ո՞րն է այդ հիմքը:
-Հիմքը, կարծում եմ, նրա սխալ սպասելիքներն էին: Սպասելիքներ, որոնք կապված էին ոչ միայն իր հեղինակության, այլև գումարների հետ: Ես նրան բազմիցս եմ ասել, որ մեր գործում հնարավոր չէ հարստանալ, և սա վերաբերում է բոլորիս: Հիմնադրամն այնպիսի կազմակերպություն է, որի միջոցները կարող են օգտագործվել այն նպատակով, որ ասենք, էշի փոխարեն ձի գնենք, ձիու փոխարեն՝ «Վիլիս»՝ սար բարձրանալու նպատակով, կամ այդ «Վիլիսը» կարող է դառնալ ավելի ժամանակակից ամենագնաց՝ էլի նույն նպատակին ծառայեցնելու համար: Այսինքն, հիմնադրամի միջոցները կավելանան և կօգտագործվեն գործնական նպատակներով, բայց ոչ՝ անձնական: Նա հայտարարում է, որ ուզում է իր գործը ստեղծել, որ իրեն խաբված, վիրավորված է զգում:
-Ի՞նչ ասել է՝ իր գործը ստեղծել, կպարզաբանե՞ք:
-Նա ուզում է գործունեություն սկսել՝ առանց հիմնադրամի: Հիմնադրամի գործունեության, հողերի պահպանման մեջ նա իր մասնաբաժինն ուներ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ այդ մարդը կազմակերպում էր տուրիստական ծրագրեր, մի բան, որ հիմնադրամի գործունեության բաղկացուցիչն է և հնարավորություն է տալիս ֆինանսներ ձեռք բերել ու հոգալ հիմնադրամի ծախսերը, ինքնաֆինանսավորվել: Որոշ ժամանակ անց նա հայտարարեց, որ այդ գործից մենք ավելի շատ գումար ենք ստանում, քան ինքը: Իսկ ինքը տուրիզմի համար ստանում էր օրական հիսուն հազար դրամ՝ 10-14 օր անընդմեջ: Այդ պատճառով էլ որոշեց, որ ինքն առանձին պիտի գործունեություն ծավալի:

-Բայց ի՞նչ կապ ունի այս ամենի հետ կենդանաբանական այգին:
-Կենդանաբանական այգին այս ամենի հետ կապ չունի:
-Բայց նա մեկն է, չէ՞, կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը պահանջողներից:
-Այո՛: Բայց նրա պահանջի հիմքում հիմնադրամի և իր՝ հիմնադրամից առանձնանալու խնդիրն է: Իսկ առանձնանալու համար նա, իրեն համարելով հիմնադրամի գործունեության մեջ շատ մեծ ավանդ ունեցող մարդ, պահանջում է իրեն տալ հիմնադրամի «կեսը»: Ես նրան բացատրում եմ, որ սա ո՛չ բիզնես է, ո՛չ իմ անձնական ունեցվածքը, որից ես կարողանամ նյութական ինչ-որ բաժին առանձնացնել կամ չառանձնացնել: Հիմնադրամը հասարակական կազմակերպություն է, որին առնչվող ասելիք ունենալու դեպքում պետք է դիմել հոգաբարձուների խորհրդին և որոշումների կայացումն ակնկալել նրանցից, ոչ թե ինձնից: Իհարկե, նա նաև ՈՒրցաձորի գյուղապետին ենթարկեց շանտաժի (ըստ գյուղապետի)՝ պահանջելով հիմնադրամին հատկացված հողերը տալ իրեն… Եվ էսպիսի մի շարք բաներ:
-Ի՞նչ ասել է՝ ՈՒրցաձորի հողեր: Ի՞նչ նպատակով էին դրանք հատկացվել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին:
-ՈՒրցաձորում կան հողեր, որոնք տրված են հիմնադրամին՝ ի պահպանություն: Նպատակն այն է, որ այդ տարածքում պահպանվի վայրի բնությունը. չլինեն որսագողություն, ծառահատումներ, հրդեհներ և այլն, և այլն:
-Եվ ինչո՞վ ավարտվեց գյուղապետի հետ կոնֆլիկտը:
-Գյուղապետը նրան պատասխանել էր, որ գործ չունի որևէ մեկի անձի հետ, որ ինքն աշխատում է իրավական հարթության մեջ, իրավաբանական անձի հետ, և հարցերը կարող են ունենալ միայն իրավական լուծում: Իսկ հիմնադրամը բավականաչափ գործ է արել՝ ի նպաստ ՈՒրցաձոր գյուղի: Մասնավորապես, դպրոցն է վերանորոգվել, տներ են վերանորոգվել, որոնք հիմա տրամադրվում են տուրիստներին և գումար բերում բնակիչներին, աշխատատեղեր են ապահովվել գյուղացիների համար: Մեր գործունեության շնորհիվ ՈՒրցաձորը բավական աշխույժ տարածք էր դարձել: Ըստ գյուղապետի՝ քանի որ ինքը համաձայն չէր Մանուկի հետ, վերջինս կազմակերպեց բողոքի ցույցեր և հասավ նրան, որ գյուղապետը իր կամքով հրաժարական տվեց, որովհետև չէր ուզում, որ կոնֆլիկտ առաջանա գյուղում, որ գյուղացիները կիսվեն երկու մասի: Դավիթ Սանասարյանն էր եկել գյուղ, որի հորդորին անսաց գյուղապետը և հեռացավ աշխատանքից՝ պայմանով, որ կլինեն գյուղապետի նոր ընտրություններ, և կընտրվի չեզոք մարդ: Բայց ընտրվեց ոչ չեզոք մարդ՝ Մանուկի քեռու տղան, որը նույնպես աշխատում էր կենդանաբանական այգում, զբաղվում ատրակցիոն խաղերով: Հիմա նա է մեր դեմ նամակներ գրում, բողոքում: Այսինքն, սա Մանուկ Մանուկյանի կողմից խիստ ուղղորդված, անձնավորված թշնամություն է, և մեղադրանքները զրպարտություններ են:
(շարունակելի)


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 8798

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ