Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Անկրկնելի անհատականությունը

Անկրկնելի անհատականությունը
17.05.2016 | 19:30

Երբ ուսումնասիրում ենք համաշխարհային կրոնները, նկատում ենք, որ մարդու արժանապատվության և անհատականության առանձնակի ու բարձր գնահատմամբ աչքի է ընկնում քրիստոնեությունը: Որևէ կրոն չի առաջարկում մարդու անձի այնպիսի բարձր արժևորում և մոտեցում, ինչը տալիս է քրիստոնեական արժեհամակարգը: Այս առումով հետաքրքրական են Ռաֆայել վարդապետ Կարելինի մտքերը: Համադրելով նրա մոտեցումները՝ փորձենք որոշակիորեն ներկայացնել տվյալ հարցի շուրջ աստվածաբանական լուսաբանումը:


Յուրաքանչյուր մարդ անկրկնելի անհատականություն է: Ավետարանական լույսը շեշտում է այդ իրողությունը: Մարդկանց մեջ կարող ենք գտնել բազմաթիվ նմանություններ, բայց չենք կարող գտնել միևնույն մարդուն երկու, երեք կամ ավելի անգամ: Աստվածային նախախնամության հրաշքներից մեկը հենց անձի, անհատականության անկրկնելիությունն է: Այդպես էլ Ադամն անկրկնելի և միակն էր, ինչպես Քրիստոսը համամարդակային պատմության մեջ, որպես Նոր Ադամ: Փրկվել՝ նշանակում է գտնել Աստծուն և ինքդ քեզ. յուրաքանչյուր մարդ յուրօրինակ անհատականություն է, որով արտահայտվում է Արարչի գեղեցկությունն ու իմաստությունը: Ոմանք փրկությունը համարում են հրաժարում իրենց անհատականությունից, որն անէանում է ինչ-որ վերացական երևույթներում: Այս մոտեցումը բավականին ընդգծված է արևելյան կրոններում: Մարդը պետք է ոչ թե ազատվի ինքն իրենից, այլ իր ներսում գտնվող օտարից՝ պահպանելով իր անձն ու անհատականությունը որպես Աստծուց տրված շնորհ: Եթե ստեղծագործության նպատակը լինեին միօրինակությունը և միաձևությունը, այդժամ Աստված կարող էր մեզ ստեղծել միաձև և նույնական:

Յուրաքանչյուր մարդ ունի անկրկնելի մարմնական կառուցվածք և անկրկնելի հոգի, հետևաբար, աստվածային ստեղծագործությունը միաձև և միօրինակ չէ, այլ բազմաձև և բազմազան: Այստեղից բխում է, որ մարդը կոչված է ազատության, որովհետև բազմազանությունն արտահայտվում և երևում է ազատության մեջ, սակայն ազատությունը կորցնում է իր էությունն ու բովանդակությունը, եթե դրանում գոյություն չունեն համաչափություն ու ներդաշնակություն: Այդ իսկ պատճառով 21-րդ դարում վեր հառնած հեթանոսական կեցության իրավունքն իրականում ազատություն չէ, այլ կախվածություն, աններդաշնակություն և ինքնաոչնչացում: Դա 21-րդ դարի մեծագույն խաբկանքն է, մասնավորապես, շատ երիտասարդների համար, որոնց թվում է, թե իրենք քրիստոնեական բարոյականության սահմանները ջնջելով ազատ են դառնում, բայց իսկության մեջ ոչ թե իրենք իրենց յուրօրինակ անհատականությունն են կերտում, այլ փոշիացող և ինքնաոչնչացող մեղավոր աշխարհի միօրինակ դիմագիծն են որդեգրում, կորցնելով իրենց ինքնատիպ դիմագիծը և հայտնվելով այնպիսի կախվածության մեջ, որը թույլ չի տալիս մարդուն տեսնել իրական ազատության լույսը: Ինչպես կուրացած խլուրդի համար է անհասկանալի արեգակի լույսի նշանակությունը, այդպես էլ մտքով կուրացած մարդու համար են անհասկանալի քրիստոնեական արժեհամակարգի բարոյականությունն ու էությունը: Հարցն այն է, որ մարդը պիտի կարողանա տարբերել, թե ինչն է իրենը, և ինչն է օտարը: Օրինակ՝ մարդը խուսափում է հիվանդություններից, մանավանդ մահացու հիվանդություններից, ինչո՞ւ է այդպես, որովհետև դրանք իր բնությանը հարազատ ու համահունչ չի համարում, դրանք օտար են իր բնությանը և քայքայում, սպանում են իր էությունն ու բնությունը:

Արդ, մարդը պետք է իրեն գտնի օտարի մեջ, որը բոլոր ուղղություններով ներխուժել է իր անձի մեջ: Իսկ օտար ասվածը իսկության մեջ մեղքն է: Բայց հոգևոր ճանապարհի մեջ հաճախ հանդիպում է հենց այն սխալը, երբ հավատացյալը ոչ միայն պայքարում է մեղքի դեմ, այլև հենց իր անհատականության դեմ՝ խեղելով Աստծո կողմից իրեն տրված անփոխարինելի պատկերը: Սա նուրբ հարց է, որտեղ մարդը կարող է կազմալուծել և ավերել իր հոգևոր անհատականությունը՝ որոշ ժամանակ անց հայտնվելով հոգևոր դատարկության առջև: Այս դեպքում մարդը վնասում է իր հոգևոր կյանքը, մի երգիչ, որը ձգտում է երգել ոչ թե իր, այլ ուրիշի ձայնով: Սա հարկադրանք է, բռնություն և իմիտացիա: Անշուշտ, մարդը կարող է նմանակել որևէ կերպարի, ինչպես օրինակ՝ գրքերից, ֆիլմերից, այն համարելով որպես իր անհատականության ձևավորման իդեալի նմանություն և այդ մասին երազելով՝ մոռանալ, որ այդ օրինակը այլ մարդու կյանք է, այլ անձի անհատականություն, իսկ վերացական կերպարը մշտապես միահյուսված է տենդագին երևակայությանը և որևէ կապ չունի այն ռեալ իրականության հետ, որով տվյալ անձն այս դեպքում բնորոշում է իր և Աստծո փոխհարաբերությունը: Այս դեպքում առաջանում է մարդ-Աստված փոխհարաբերության ճգնաժամ: Սա ձախողման ուղի է, որովհետև ինքն իրեն իրապես չճանաչած մարդը, ապրելով այլ մարդկանց կերպարների երազանքներով, չի կարողանում ընկալել կամ սխալ է հասկանում, թե Աստված հենց իրեն ինչ է ասում, այլ ոչ թե իր որդեգրած կերպարին:

ՈՒրիշին նմանակելը սերտորեն առնչվում է երևակայության հետ, հետևաբար այն դառնում է հոգու համար շղարշված սուտ: Մենք մշտապես մնում ենք այնպիսին, ինչպիսին կանք, այլ մարդու անհատականություն մենք երբեք չենք դառնա, բայց այդ սխալ ճանապարհով մեր անձը կարող ենք փչացնել և վնասել, այսինքն՝ կորցնել մեր յուրօրինակ ուղին: Յուրաքանչյուրը պիտի գտնի ինքն իրեն, բնականաբար հաշվի առնելով մյուսների փորձառությունը և օրինակը, պետք է ոչ թե իմիտացիա անել, նմանակել, այլ բացահայտել ինքդ քեզ, տարբերակել, թե ինչն է քոնը և ուրիշներինը, ինչն է բնորոշում քո հոգին, և ինչն է մակերեսային բնույթ կրում: Կյանքի հատվող եզրագծերում մարդը պետք է բացահայտի իր ուղին, այլ ոչ թե հետևի կամ նմանակի ուրիշի ուղին: Արդ, էական է չկորցնել անհատականությունը, բայց չլինել այնպես, ինչպես մեղավոր աշխարհն է թելադրում, ուր անհատականությունն արտահայտված է հպարտության, ինքնակենտրոնության և եսասիրության բնութագրիչներով, այլ արտահայտված լինել ներքին անկրկնելիությամբ՝ բացահայտված Սբ հոգու տված շնորհներով: Հակառակ դեպքում մարդը սկսում է կեղծել իր կերպարը՝ նմանակելով գրքերի կերպարներին, իր շրջապատի մարդկանց կամ տարված իր երազանքներով և այլն: Կարևոր է նաև, որ մարդն իրեն չնույնականացնի իր կրքերի, իր հպարտության, մեղավոր ցանկությունների, իր ոչ բնական վիճակների հետ, ինչպես մարդն իրեն չի նույնականացնում իր ներսում գտնվող հիվանդության հետ և ձգտում է դրանից ազատվել: Իսկության մեջ մարդը գտնում է իրեն, երբ պայքարում է մեղքի դեմ և տեսնում իր անաղարտ պատկերը, ինչպես պղտոր լճակի ջուրը սկսում է մաքրվել, և կապուտակ ջրի մաքրության մեջ արտացոլվում է հիասքանչ բուսական և կենդանական աշխարհը՝ բացահայտելով տվյալ լճակի եզակիությունն ու անկրկնելիությունը: Գիտենք, որ Աստված յուրաքանչյուր մարդու տվել է որևէ տաղանդ: Աստված, իբրև Երկնավոր Հայր, ամեն մարդու տվել է նաև հատուկ ունակություններ և առանձնակի կոչում:

Պարզապես անհրաժեշտ է տեսնել այն, ինչը քեզ է տրված և անհատական բնորոշիչ էությունը այլով չփոխել, որպեսզի մարդու կյանքն իրական բովանդակությամբ լցվի: Ավետարանական պատվիրանները տալիս են ներքին ազատություն և անսահմանություն: Մենք պատվիրանները չպետք է փոխարինենք արտաքին կանոնակարգերով, որոնց դեպքում անձը չի առաջնորդվում Ավետարանի իդեալով, այլ ճնշվում է ֆորմալ օրենքներով, ինչպես օրինակ՝ երբ Ավետարանում հարց առաջացավ, թե մարդն է շաբաթ օրվա համար, թե շաբաթն է մարդու համար: Սա հիմնական տարբերությունն է քրիստոնեության և հուդայիզմի միջև, այսինքն՝ քրիստոնեության պարագայում մարդն Աստծո մեջ գտնում է վերածնվող, վերանորոգվող իր անձի բացահայտումը, իսկ Թալմուդը, երկաթյա սեղմող նորմերով, օրենքներով, որոնց մի մասը թույլատրում են, մյուսներն արգելում, ձևավորում է ընդհանրական հրեայի մի կերպար յուրաքանչյուր անձի դեպքում, որտեղ մարդը կորցնում է իր ուրույն դիմագիծն ու դեմքը՝ ճնշված լինելով սեղմող օրենքների ներքո: Ավետարանն իր ունիվերսալիզմով ուղղված է դեպի յուրաքանչյուր անձը, իսկ Թալմուդը՝ դեպի ազգային պատկանելություն, որն ինքնուրույն սուբյեկտ է և բարձրագույն արժեք: Մեկ այլ կրոնում՝ մահմեդականության մեջ, թագավորում է անհրաժեշտության օրենքը, որտեղ անհատականությունը նույնպես երկրորդվում է:

Հինդուիզմում և բուդդիզմում անձը իսկության մեջ գոյություն չունի, այն միայն անցողիկ և փոփոխական մի ընդհանուր ձև է: Եվ անհատի անկրկնելիության քրիստոնեական ուսմունքն ու Քրիստոսի հարության փաստն անիմաստ են դարձնում արևելյան կրոնների փրկագործության ուղու վերամարմնավորման օրենքը: Անհատականության և ազատության հասկացությունները անքակտելիորեն միահյուսված են միմյանց: Հիսուս Քրիստոսը բացել է մեր առջև ներքին ազատության անսահմանափակ տարածությունը: Սա հնարավորություն է ապրելու Աստծո տված այն անհատականությամբ, որը յուրօրինակ է, ինչպես մյուսների դեպքում: Այն հնարավորություն է վերադառնալու ինքդ քեզ և Աստծուն և չլինելու հոգևոր ինտելեկտուալ ամեոբա, այլ դառնալու փայլատակող ու ինքնուրույն անձ՝ քայլելով Աստծո հետ: Երբ դու ինքդ քեզ գտնում ես, այլևս չես տագնապում, խռովվում կամ նայում ուրիշներին, թե ինչու են նրանք այսպիսին, կամ այս հաջողված դիրքում, կամ ձախողված ճանապարհին, որովհետև ինքդ քեզ Աստծո մեջ գտնելով՝ հասկանում ես, թե ինչ ես ուզում կյանքից և աշխարհից և ինչ առաքելություն ունես կամ ինչ պետք է իրականացնել և ինչպես ապրել:

Պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 1567

Մեկնաբանություններ