Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Հայոց ազգին հոգևոր արթնություն է անհրաժեշտ

Հայոց ազգին հոգևոր արթնություն է անհրաժեշտ
09.10.2015 | 08:49

Հայ ժողովուրդը վերստին ձեռք բերեց իր անկախությունը: Դարերի խորքից ձգվող այս երազանքը 20-րդ դարում դարձավ իրականություն: Երկնային նախախնամությունը, անշուշտ, լսում էր այն հայ մեծերի, սրբերի աղոթքները, ովքեր իրենց խնդրանքն էին ուղղում Աստծուն, որպեսզի հայ ազգը կրկին վերստանա իր անկախությունը, սակայն ինչո՞ւ այդքան ուշացավ այդ խնդրանքի կատարումը: Այգեգործն իր նորատունկ ծառերը տնկում է պարարտ ու բարեբեր հողում, որ նորատունկ ծառն աճի, ծաղկի ու առողջ պտուղներ բերի: Բայց հնարավոր է` Աստծո պահապան հրեշտակները, երկնքից իջնելով, շատ երկար ժամանակ իրենց ձեռքներին ունենալով պետականության նորատունկ ծառերը, պտտվում էին հայոց աշխարհում, որպեսզի դրանք տնկեին բարեբեր հողում, սակայն չգտնելով` վերստին բարձրանում էին երկինք, մինչև հայոց սրբերի զօրուգիշեր թախանձագին խնդրանքների շնորհիվ հայոց մի փոքրիկ հողակտորում տնկվեց պետականության ծառը: Մի՞թե դարեդար այդ բարեբեր հողը չկար, որ 20-րդ դարում Աստված, ի վերջո, լսելով հայ սրբերի անդադար թախանձանքները, պարգևեց հայոց պետականության ծառը: Այս ամենը պատկերացնելու համար պետք է անդրադառնանք պատմությանը: Արիստակես Լաստիվերցին իր հայրենի Արծն քաղաքի մասին պատմում է. «Սրա իշխանները գողերին գողակից, վրեժ առնող և արծաթին ծառայող եղան, սրա դատավորները կաշառակեր, կաշառքի համար արդարությունը ծածկող, որբերի դատը չէին անում և այդպիսիների իրավունքը չէին ընդունում: Վաշխերի և տոկոսների համար օրենքներ դրվեցան. ցորենի փոխատվության համար բազմապատկություն սահմանվեցավ, որով երկիրը պղծվում է և արգելում յուր արգանդը, որ ժամանակին պտուղ տա և մարդկանց կերակրի: Ընկերներին խաբողը պարծենում էր, որ խելացի է, և հափշտակողն ասում էր. «Ես զորեղ եմ»: Դրացի աղքատների տներն ու արտերի սահմանները հարուստներն էին հափշտակում»:
Նույն սելջուկների կողմից Անիի գրավման մասին խոսելով` ասում է. «Այլև նրանում կատարված անիրավության շատությունից կործանվեցան բարձրաշեն ու փառավոր ապարանքները, և բոլոր շինությունները հողաբլուրի նմանվեցան. այն վաշխն ու նենգությունը, որ նրանում կային, վերջացան: Անիրավ քաղաքների բաժինն այս է, որոնք շինվում են օտարների արյունով, հարստանում են աղքատների քրտինքով, ամրացնում իրենց տները վաշխով ու անիրավությամբ, և իրենց գութը փակելով դեպի աղքատներն ու տնանկները` միայն հեշտություն և փափկություն են սպասում, պիղծ գործերից չեն հեռանում, այլ միայն թմրած են այն ցանկություններով, որ նրանց կապկպել, պաշարել է»:
Կարդալով պատմիչի այս գրառումները հասկանում ենք, որ պետականաստեղծ բարեբեր հիմքեր չէին դրվում հայ հասարակության կողմից, այլ բարոյական անկում էր տիրում, ինչպես նկարագրում է Արիստակես Լաստիվերցին: Արդ, Աստված շնորհ արեց հայ ժողովրդին` 20-րդ դարում կրկին ուղարկելով իր հրեշտակներին, որպեսզի իջնեն ու այս անգամ այս «անմշակ» հողակտորում տնկեն անկախության ծառը: Բայց երկար չի կարող գոյատևել այդ նորատունկ ծառն այս «անմշակ» հողում, որովհետև կամ այն կչորանա, կամ էլ անպտուղ կդառնա, կամ էլ դառնահամ պտուղներ կտա, ու երկնային նախախնամության տիրույթից դուրս կմնա, ինչպես ժամանակին Ասորեստանը, Բաբելոնը և շատ հին ազգեր: Ցավալի է, բայց մենք պատմությունից դասեր չենք քաղում: Մեր հասարակությունը չի առողջանում: Եթե պատմահայր Մովսես Խորենացին հարություն առներ ու շրջեր ժամանակակից Հայաստանում, կրկին իր հանրահայտ «Ողբը» պիտի գրեր: Հայ ժողովուրդն արթնության կարիք ունի, հայ հասարակությունը բժշկվելու կարիքն ունի: Իրադարձություններն այնպես են զարգանում, որ բազմաթիվ երկրների սահմաններն արագորեն փոխվում են: Եվ նույնիսկ չի բացառվում, որ մոտ ապագայում Թուրքիան փլուզվի: Մերձավոր Արևելքն ավելի ու ավելի անկայուն է դառնում, և թուրք-քրդական սաստկացող բախումներն ու համաշխարհային տերությունների նոր ծրագրերն արդեն ավելի տեսանելի են դառնում Առաջավոր Ասիայում, ուր չեն բացառվում տարածաշրջանների երկրների նոր սահմանազատումներ: Հայ ժողովուրդը պիտի պատրաստ լինի նաև այսպիսի իրադարձություններին: Իսկ այդ պատրաստության հիմքն առողջ հասարակությունն է, որից էլ բխում է մարտունակ ու ամուր բանակի առկայությունը: Հայ ժողովուրդը պիտի պատրաստ լինի վերականգնելու կորսված իր պատմական հայրենիքի սահմանները: Իսկ դա հնարավոր է առաջին հերթին միայն հզոր պետականության ու բանակի առկայության միջոցով: Հարկ է նշել, որ հայ մարդը պետականություն ձեռք բերած իր երկրում ցանկանում է ապրել ազատ և ապահով Հայաստանում, բայց արդարացիորեն պետք է նշել, որ իշխանության եկած անձինք և՛ անցյալում, և՛ ներկայում ոչ թե կերտում են ապահով ու ազատ երկիր, այլ գոյապայքարի ու կախյալ կեցության երկիր: Սակայն հարցն այն է, որ մեղավորներ ոչ թե պետք է փնտրել իշխանավորների մեջ. ամբողջ հասարակությունն է հիվանդ, որովհետև այդ իշխանավորները դուրս են եկել այդ հասարակությունից: Այս դեպքում պարզապես փոխելով մարդկանց ոչինչ չի փոխվի, այլ անհատների մտածողությունն ու էությունը պիտի փոխվի: Իշխանության օղակներում մարդկանց փոխելով ամենևին շատ բան չի փոխվի դեպի դրականը, քանի որ ներկայումս հասարակության մեջ գերակշռում է միևնույն մտածողությունը՝ գալ իշխանության և հնարավորինս թալանել երկիրն անձնական բիզնեսի, ընտանեկան ու բարեկամական շրջանակների և նպատակների համար: Առաջին հերթին անձի մտածողության փոփոխություն է անհրաժեշտ, իսկ դրանով կփոխվի անառողջ հասարակությունը, որն այդպիսին է ներկայումս: Ինչո՞ւ է այդպիսին: Քանի որ մեր իրականության մեջ դրամական արժեքները բռնազավթել են ճշմարիտ արժեքների դերը, և շուկայական հարաբերությունները սկսել են գերիշխել այնպիսի ոլորտներում, որտեղ անելիք չունեին: Այսինքն` այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, մշակույթը, արվեստը, միջանձնային հարաբերությունները, հոգևոր աշխարհը և այլն: Այն նվաճումներն ու ոլորտները, որ պետք է գնահատվեին ճշմարիտ արժեքներով, գնահատվում են դրամական արտահայտությամբ. դրանց մասին դատում են ըստ բերած դրամի և ոչ թե դրանց ներհատուկ ճշմարիտ արժեքների ու արժանիքների: Մարդիկ կորցրել ու կորցնում են իրենց ինքնուրույնությունը և անկախությունը, քանի որ նյութական արժեքները` մասնավորաբար դրամական միջոցները, սկսում են կախման մեջ գցել անհատին: Եվ այն մարդիկ, ովքեր դրամը դարձնում են վերջնական նպատակ, նրանց համար հոգևոր արժեքները դառնում են անիմաստ և խոչընդոտող: Ցավոք, մեզանում կյանքի կեցությունը դարձել է գոյատևման պայքար: Այդ նրանից է, որ մարդիկ առաջնորդվում են մարմնավոր հասկացություններով, այլ ոչ թե հոգևոր: Իսկ մարմնավոր հասկացությունները մարդուն ուղղորդում են դեպի բնազդային, կենդանական հատկանիշները: Նպատակահարմարության սկզբունքը վեր է դասվում բարոյական սկզբունքներից: Կարևորը դառնում է անձնական շահի արդյունքի ապահովումը: Հարստության, նյութական արժեքների գերագնահատումը մարդկային հասարակարգում ստեղծում է ոչ առողջ մրցակցություն, որտեղ նպատակը դառնում է այդ մրցակցությունում հաղթելը` միջոցների մեջ խտրականություն չդնելով: Իսկ ո՞րն է ելքն այս ամենից: Պատմությունը ցույց է տալիս, որ քրիստոնեական արժեհամակարգն է: Նրանք, ովքեր քրիստոնեությունը կուրորեն քննադատում են, նախ պիտի հաշվի առնեն այն հանգամանքը, որ աշխարհի ներկայիս հզորագույն երկրները կառուցվել են քրիստոնեական քաղաքակրթական հիմքի վրա: Նույնիսկ Արևելքի ծաղկող երկրներն իրենց զարգացման համար պարտական են քրիստոնեական արժեհամակարգին, նույն Ճապոնիան՝ 16-17-րդ դարից, ներկայումս` Հարավային Կորեան: Եվ եկեք չմոռանանք նաև Չինաստանը, որ մոտ ապագայում դառնալու է խոշորագույն քրիստոնեական երկիրը, ուր, որոշ տվյալներով, այժմ 150 միլիոն քրիստոնյա է ապրում և ամեն տարի մոտ 6 միլիոն մարդ դառնում է քրիստոնյա: Եվ մասնագետների հաշվարկների համաձայն՝ թվաքանակով ապագայի ամենամեծ քրիստոնեական երկիրն է լինելու աշխարհում:
Արդ, հայ հասարակությունը կարիք ունի հոգևոր արթնության: Այդ արթնությունն է աստվածային լույսով ողողելու ամենակարծր սիրտ ունեցող անձանց հոգիները և նրանց կենդանության շունչ հաղորդելու, որպեսզի նման հայ անձինք այլևս չմտածեն ագահության, գողության, սնափառության մասին, այլ համագործակցելով մյուսների հետ, աստվածային սիրով լցված մշտապես անսպառորեն նորը ստեղծեն, ստեղծագործեն և փոխանցեն կենսալույս արժեքները ոչ միայն իրենց երկրի սահմաններում, այլև համայն աշխարհի անդաստաններում:


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1310

Մեկնաբանություններ