ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«Ցմահ դատապարտվածների խնդիրը նաև քաղաքական հարց է»

«Ցմահ դատապարտվածների խնդիրը նաև քաղաքական հարց է»
27.03.2015 | 01:16

«Իրատես»-ը հաճախ է անդրադառնում ազատազրկվածների խնդիրներին, այդ թվում՝ սննդի, բանտախցերի պայմանների, վաղաժամկետ ազատման հարցերին: Վերջերս ՀՀ նախագահին բաց նամակով դիմել էր կալանավորվածներից մեկի կինը` ներկայացնելով «Արմավիր» ՔԿՀ-ի պայմանները: Արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք:

-Պարոն նախարար, մինչ Դուք հայտարարում եք, թե «Արմավիր» ՔԿՀ-ն կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխան, օրերս կալանավորներից մեկի կինը փաստել էր, որ իր հիվանդ ամուսնուն ոչ մի բժիշկ չի այցելում, քանի որ այդ կալանավայրը չունի բժիշկ, բժշկական սարքավորումներ, դեղեր: Ինչպե՞ս կբացատրեք սա:
-Մենք այդ ՔԿՀ-ում ունենք բավականին հագեցած բուժական մաս, որտեղ անգամ ատամնաբուժական սարքավորումներ կան, ինչը մյուս հիմնարկներում չկա: Այդ տեղեկություններն իրականությունից հեռու են:
-ՈՒրեմն տվյալ կալանավորին բուժօգնություն չեն ցուցաբերում: Սա ևս լուրջ հարց է:
-Ես նման բողոք չեմ ստացել: Եթե նման դիմում լինի, կզբաղվեմ դրանով: Բայց նաև քիչ է հավանական, որ ազատազրկվածին չսպասարկեն, քանի որ տեխնիկական և կադրային բոլոր անհրաժեշտ հնարավորությունները կան: Այդ հիմնարկը նախատեսված է 400 դատապարտյալի համար, և մենք փուլ առ փուլ համալրում ենք այն: Այս պահի դրությամբ այնտեղ 110 դատապարտյալ կա, ու Ձեր նշած խնդիրները երբևէ չենք արձանագրել:
-Վերջերս «Նուբարաշեն» ՔԿՀ էիք այցելել ու հանդիպել ցմահ դատապարտյալների հետ, ովքեր մեզ հետ զրույցում դժգոհեցին, թե այդպես էլ չհասկացան՝ պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված նախարարն ինչ է անելու: Ի վերջո, այդ հարցին լուծում տրվելո՞ւ է, վերանայվելո՞ւ են նրանց դատավճիռները:
-Դա ծավալուն թեմա է, և խնդրին լուծում տալու ուղղությամբ մենք այսօր աշխատում ենք: Այս պահին պատրաստի լուծումներ չեմ կարող տալ, որովհետև դա միայն արդարադատության նախարարության լուծելիք հարցը չէ: Պետք են և՛ կառավարության, և՛ ԱԺ-ի կողմից համաձայնեցված քաղաքական լուծումներ:
-Դա զուտ քաղաքակա՞ն խնդիր է:
-Ե՛վ քաղաքական, և՛ իրավական: Նման կարևորագույն ցանկացած խնդիր նախ և առաջ քաղաքական հարցադրում է:
-Ձեր նախարարությունում վերջերս ծեծկռտուք էր եղել: Տարօրինակ չէ՞, որ հենց արդարադատության նախարարությունում է նման միջադեպ լինում:
-Բոլորս էլ մարդ ենք, ու ամեն ինչ հնարավոր է: Այս համակարգում տարբեր բնավորությունների տեր մարդիկ են աշխատում, և չես կարող երաշխավորել, որ զերծ կլինեն նման սայթաքումներից: Իհարկե, շատ վատ ու ցավալի է, որ նման բան է տեղի ունենում: Ծառայողական քննություն ենք անցկացրել, և արդեն պատժվողներ կան: Քննություն է ընթանում, ու եթե պարզվի, որ քրեորեն պատժելի արարքի տարրեր կան, բնականաբար, մարդիկ կկրեն նաև քրեական պատիժ:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2540

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ