«Պուտինի Ռուսաստանը տեսանելի ապագայում մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը կլինի Եվրոպայում»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, հավելելով, որ պաշտպանական քաղաքականությունը պետք է «հանգամանորեն համապատասխանեցվի այս իրականությանը»։ Նա կոչ է արել պաշտպանել եվրոպական աշխարհակարգը և Ռուսաստանի դեմ պայքարում ուժեղացնել աջակցությունն ՈՒկրաինային։               
 

Մասիսները

Մասիսները
10.03.2015 | 00:26

Այդին
ՄՈՐԻԿՅԱՆ
(սկիզբը` այստեղ)

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹՌՈՒՑԻԿ (1909)
Հայերուն ու հույներուն ազատութիւն տալը տերութեան կործանում կը նշանակի, և Օսմանեան կայսրութիւն արդեն կանգնած է կործանման վիհին առաջ, ուստի իսլամի ճշմարիտ բարեկամները լուրջ կերպով պիտի մտածեն ու միջոցներ ձեռք առնեն հայերը ջնջելու և պետութիւնը անկումից փրկելու համար:

ՍՈՒԼԹԱՆ ՀԱՄԻԴԸ Կ. ՊՈԼՍԻ ԲԱԲԸ ԱԼԻԻ ՑՈՒՅՑԻՑ (1895) ՀԵՏՈ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ
Եթե կարծում եք, թե նման ցույցերով օտարների միջամտությունը կառաջացնեք, ապա բացարձակապես սխալվում եք: Այսքանն իմացեք՝ օտար նավերը կարող են նեղուցներն անցնել և խուժել մայրաքաղաք, սակայն մինչև նրանց գալը Բոսֆորի ջրերը հայերի արյունով են ներկվելու:

ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ (1900) ԲԱՆԱՁԵՎԻՑ.
(Հայեր) Եթե ուզում եք բարեկամաբար ապրել, պետք է մի կողմ թողնեք ազգության անհեթեթ պահանջները:
Ղասըբ փաշան Մշո կառավարիչ Ռեշիդ էֆենդուն հանձնարարում է (1893) հայկական գյուղերում խուզարկություններ կատարել՝ զենք գտնելու համար: Սակայն վերջինս Ավզուտ գյուղում զենք չի գտնում և վերադառնում, զեկուցում է կառավարչին:
-Դուք ինչպե՞ս եք համարձակվում պնդել, որ իմ ունեցած տեղեկությունները կեղծ են: Անմիջապես վերադարձեք և գտեք զենք: Առանց զենքի չհամարձակվեք վերադառնալ,- բղավում է Ղասըբ փաշան:
Ավզուտ գյուղում այս անգամ էլ զենք չգտնելով՝ Ռեշիդը գյուղի տանուտիրոջը ասում է.
-Ինձ ուղարկել են գտնելու թաքցրած զենքը: Ասեք՝ որտե՞ղ է:
-Մենք որևէ զենք չունենք:
-Լավ, այժմ լսեք: Ես պետք է այստեղ զենք գտնեմ՝ անկախ՝ դուք ունեք, թե չունեք: Առանց զենքի ես վերադառնալ չեմ կարող: Եթե դուք ինձ որևէ զենք չտաք, ես իմ մարդկանց հետ տեղավորվելու եմ ձեր գյուղում: (Իսկ դա նշանակում է՝ թալան, ավերմունք):
Հայերը հարկադրված հարևան քրդերից հրացաններ են գնում, տալիս Ռեշիդին:
Ընդհատել էի օրագիրս ու անգամ չէի էլ անդրադարձել: Կրկին կարդացի: Կրկին վերապրեցի այն ամենը, ինչը, ցավոք, արդեն եղել-անցել է, բայց, միևնույն է, իր միամտությամբ վրդովեցնում է:
Էս երևույթից հատկապես մտահոգ ու բարկացած եմ: Նախ՝ ինչո՞ւ զենք չունեք: Ո՞Ւմ հետ եք ապրում: Ի՞նչ շրջապատում, որ էդպես անհոգ, անզենք եք: Հետո՝ ինչպես կարելի է նման քայլի դիմել: Էստեղ միանգամից միտքս եկավ Անդրանիկ փաշան, որը Խալիլի հարցին, թե զորքերիս գլուխը հետ եմ դարձնում, բայց կարո՞ղ է հայերը կրակեն, պատասխանում է.
-Հայը փախչող զինվորի վրա չի կրակի:
Ինչո՞ւ, ախր, ինչո՞ւ: Էդ փախչողը, մանավանդ եթե ոխերիմ թշնամիդ ու հարևանդ է, վաղը ոչ միայն հարձակվող է դառնալու ու չարախնդալու վրադ, այլև անխնա կոտորելու ու ոչնչացնելու է՝ ինչ ճամփին հանդիպի: Հակառակ դեպքում՝ եթե կրակեք, կարող է և այլևս չհամարձակվեր կամ էլ արդեն ի վիճակի չլիներ փախչողից հարձակվող դառնալ…
Էհ… Ի՞նչ կարող եմ անել: Առավելագույնն այն է, որ ասում եմ Արամին, նա էլ է շատ չարչարվում, բայց օգուտ, կարծես թե, չկա: Ի՞նչ է փոխվել: Այսօր էլ նույնն է: Դատը կա: Դատի տերը չկա: Իսկ եթե հանկարծ ու այլ ընթացք ունենա՞:
(Օրագրի մեջ նկարված են հայտնի քառակուսիները՝ լաբիրինթոսը):
Ինչևէ: Արդեն դատից եմ ուշանում:

Դատավարությունն ընթանում է, ինքը ինչ-որ մի պատահական միջոցի ներս է մտնում: Նստում է: Հայացքով փնտրում է Արամին: Նրանց հայացքները հանդիպում են: Այդ պահից սկսում է լսվել դատավարության ընթացքը: Արամն էլ, ինքն էլ սկսում են նկարել նույն սև քառակուսիները, որոնցից մեկը պարզապես քառակուսի էր կոչվում, մյուսը՝ լաբիրինթոս:

ՄԻԴՀԱՏ ՇՅՈՒՔՐԻ ԲԵՅԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Նախագահ.- Օգոստոսի 17-ի թվագրությամբ Էրզրումի վալիի միջոցով ծածկագիր-հեռագիր եք ուղարկել, որից պարզվում է, որ կենտրոնական կոմիտեն խառնվել է պետական գործերին: Ի՞նչ կասեք այդ մասին:
(Քարտուղարը կարդում է հեռագիրը)

ԷՐԶՐՈՒՄԻ ՎԱԼԻԻ ՄԻՋՈՑՈՎ (ՀԱՆՁՆԵԼ) ԲԵՀԱԷԴԴԻՆ ՇԱՔԻՐ ԲԵՅԻՆ
Այստեղ՝ մի քանիսի կողմից տրված տեղեկություններից, ինչպես նաև 1330 (1914) օգոստոսի 15 թվակիր ձեր մի գրությունից պարզվում է, որ հայերը հավակնություն չունեն մեզ հետ միատեղ ռազմական գործողություններին մասնակցելու: ՈՒստի ձեռնարկվող բոլոր միջոցները պետք է գաղտնի պահվեն նրանցից: Պետությունը և կուսակցությունը փափագում են, որ մեր հայ հայրենակիցները մնան ապահով: Այս ուղղությամբ ցանկալի է, որ անհրաժեշտ ջանք գործադրվի՝ նրանց սրտերը հանգիստ պահելու համար:
Միդհատ Շյուքրի բեյ- Այո, էֆենդի, ճիշտ է, հիշում եմ: Նախապես ինձնից այդպիսի բան հարցրել էին: Ինչպես ասացի, Բեհաէդդին Շաքիր բեյը զորահավաքի ժամանակ՝ պատերազմ հայտարարելուց առաջ, հայրենիքին ծառայելու նպատակով գնացել էր այնտեղ: Մենք տևապես հարաբերության մեջ էինք այդտեղ գտնվող հայերի հետ: Ընտրությունները միշտ միատեղ էինք անցկացնում դաշնակցության հետ: Անընդհատ շփման մեջ էինք գտնվում նրանց հետ և հորդորում, որպեսզի նրանք ևս պատրաստվեն պատերազմին և ջանք գործադրեն հայրենիքը պաշտպանելու խնդրում: Սակայն պարզվում է, որ տեղի ունեցած բանակցությունները հաջողություն չեն ունեցել, քանի որ նրանք ասել են. «Մենք չենք կարող բացեիբաց թուրքերի հետ ընկերակցել, պատերազմ ծագելու դեպքում չեզոք ենք մնալու»: Բնական է, որ նման բաց հեռագիր ուղարկելը պատշաճ չէր կարող համարվել, ուստի կենտրոնական կոմիտեի պատասխան հեռագիրը առաքեցինք ներքին գործերի մինիստրության միջոցով, որտեղ ասված էր. «Տեսակցեք նրանց հետ, աշխատեք, ինչպես որ հարկն է, մեղմությամբ համաձայնության գալ»: Մեր այս վարմունքը կառավարության հետ առնչություն չունի: Այն գրված է եղել պատերազմը սկսվելուց առաջ, օսմանյան ազգությունների միջև բարեկամական հարաբերություններ սերմանելու միտումով:
Նախագահ- Թեկուզ և (պատերազմից) առաջ գրված լինի, չէ՞ որ դուք դրանով միջամտել եք կառավարության գործերին:
Միդհատ Շյուքրի բեյ- Մեծարգո փաշա, ի՞նչ միջամտության մասին է խոսքը: Մենք տևապես շփման մեջ ենք եղել հայերի հետ: Բոլոր ընտրությունների ընթացքում թեկնածուների առաջադրումը կատարել ենք դաշնակցության հետ միատեղ: Նրանք ձայն են տվել մեր թեկնածուներին, մենք՝ նրանց: Այնպես որ՝ ընտրվել է ցանկալի թվացող թեկնածուն: Ինչպես նշվեց, մենք նախաձեռնեցինք, որպեսզի պատերազմի ընթացքում համագործակցենք իրար հետ: Բայց այդ միջոցները հաջողություն չունեցան: Նրանց չհամաձայնելու մասին մենք տեղեկացանք հետագայում: Այնուամենայնիվ, կրկին գրեցինք, որ լավ վերաբերմունք ցուցաբերվի նրանց հանդեպ: Դա մտնում է ոչ թե կառավարության, այլ կուսակցության պարտականությունների մեջ:

ՄԵԿ ԱՅԼ ՀԱՏՎԱԾ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՈՒՆԻՑ
Մի առանձին համայնք կազմող ամբողջ ժողովրդին այդ ձևով կոտորելը, բնաջնջելը և ունեցվածքի հափշտակությունը մտահղացվել և իրագործվել է կուսակցության այդ գաղտնի խմբավորման արնախում (մարդկանց) կողմից: Եվ այդ խմբավորման պարագլուխներն են եղել կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներ Բեհաէդդին Շաքիր, դոկտոր Նազըմ, Ռիզա և Աթիֆ բեյերը: Ձեռք բերված և վերծանված ծածկագիր հեռագրերից պարզվում է, որ այս չարագործ հանձնախումբը իշխող դիրք է ունեցել պետության վրա, իսկ կառավարությունն էլ պարզ խաղալիք է դարձել նրանց անարգ մտահղացումները իրագործելու խնդրում:
(շարունակելի)

Դիտվել է՝ 153943

Մեկնաբանություններ