ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. Բերիան

Սամվել  ԽԱԼԱԹՅԱՆ. Բերիան
13.06.2014 | 12:03

Սամվել

ԽԱԼԱԹՅԱՆ

Ինձ համար շատ դժվար է վերհիշել մանկությունս, առավել ևս գրել այդ տարիների մասին: Վերհուշը ծանր ապրումներ է ծնում: Միշտ մտածել եմ, որ օրերից մի օր կխամրեն այդ հուշերը, ու առանց հուզվելու կկարողանամ թղթին հանձնել աքսորավայրում անմեղ մարդկանց կրած տառապանքները և իմ կորսված մանկությունը: Դա դեռևս ինձ չի հաջողվում: Այս տարի` հունիսի 14-ին, լրանում է 1949-ի ստալինյան բռնադատության 65-րդ տարելիցը, և որպես հոգու պարտք, որպես հազարավոր բռնադատվածների անլուր տառապանքների նկատմամբ խոնարհում, ինքս ինձ ստիպեցի գրել այս պատառիկը:

Մերոնք ինձնից թաքուն հաճախ են խորհրդավոր փսփսում: Կռահում եմ՝ մի շատ կարևոր բանի մասին են խոսում, որ ինձ չի կարելի իմանալ: Նրանց աչքերում ուրախության ցոլք կա, զսպված հրճվանքի փայլ: Անկողնու մեջ ականջներս ինչքան խլշտացրի, ոչինչ չկարողացա լսել, բացի մի հատիկ բառից՝ «Բերիա»: Ի՞նչ կապ ուներ մեր դրկից Արամայիսի տղան՝ իմ խաղընկեր Գոնչո Բերիան, մերոնց տարօրինակ խոսակցության հետ՝ չհասկացա: Էլ ավելի տարօրինակ էր, որ երկու օր անց, երբ տղամարդիկ մեկշաբաթյա հերթափոխից հետո վերադարձել էին տայգայից, Բերիայի մայրը՝ Սաթենիկը, ամբողջ թաղով մեկ, ձայնը գլուխը գցած, սկսեց անիծել ինձ ու հայհոյել Բերիայի մյուս խաղընկերներին.
-Այ հողեմ ձեր գլուխը՛, դուք շատ լավն ե՞ք, որ իմ տղին էլ Բերիա եք կանչո՞ւմ, շան լակոտներ։
-Սրանց տես,- պատուհանից կնոջը միացավ Արամայիսը,- մեկ-մեկ բոլորիդ ականջները կպոկեմ, թե մեկ էլ իմ տղին անուն կպցնեք...,- ասաց ու վախվորած փակեց լուսամուտը: Սաթենիկը ձեռքերը թափահարելով ասում էր ու ասում: Մի անբնական բան կար այդ ամենի մեջ: Նա գոռգոռում էր առանց մեզ նայելու և հայհոյում էր առանց չարության, նույնիսկ, կարծես թե խեղճանալով: Տարօրինակ էր նաև մերոնց վարմունքը: Մայրս, մորաքույրերս, քեռիս, նույնիսկ հայրս ու պապս չփորձեցին սաստել Սաթենիկին, պաշտպանել ինձ: Իսկ երբ աղմուկի վրա բավականաչափ մարդ հավաքվեց, Սաթենիկը ցուցադրաբար անցավ ռուսերենի, հատկապես դիմելով աղմուկին հետևող գյուղի կոմենդանտի ցմփոր կնոջն ու զոքանչին.
-Աղջի... սավսեմ խուլիգանի.. Պաչեմո՞ւ մայու սինու Բերիա զավուտ... Սմեյուտսյա՞ շտոլի... Մայեմու սինու իմյա եստ՝ Բորիս... Մին էլ տեսել եմ, որ իմ տղին իրա անունը չեք տվել, ձեռիցս չեք պրծնի, շան լակոտներ։
Ոչ ոք ոչինչ չասաց: Լուռ կանգնած լսում էին Սաթենիկին, ով, ասես, պարտք կատարելիս լիներ՝ պիտի խոսեր, հայհոյեր, իսկ մենք պարտավոր էինք ներկա լինել, լսել... Միակ հուզվողը Բերիան էր: Գոնչո գլուխը ուսերի մեջ, ափերը ջղային բռունցքված կանգնած էր շրջանի մեջտեղում՝ աչքերում լճացած արցունք:
-Բորիս, գնանք տուն: Պաշլի դամոյ, Բորիս,- պատուհանից ծիկրակող ամուսնուն հաղթական հայացք գցելով ասաց Սաթենիկն ու բռնելով կաս-կարմիր կտրած, տեղում մեխված Բերիայի ձեռքից՝ քարշ տվեց տուն: Ընթրիքի ժամանակ մեծերը խորիմաստ հայացք փոխանակեցին ու պապս դիմեց ինձ.
-Քեզ չէր սազում, որ մեզ խայտառակ արեցիր։
Պատառը ձեռքիս սառեցի: Չհասկացա: Պապս վրա բերեց.
-Էն երեխուն իր անունով կանչեք: Որ քո անունը փոխեն, դուրդ կգա՞... Բորիս է՝ Բորիս ասեք։
-Լավ, ինչ եղավ՝ եղավ,- ասաց մայրս,- իմ տղան հասկացող է, սրանից հետո Բորիս կասի։ Ես ոչինչ չպատասխանեցի, բայց այդ օրը երկար ժամանակ քունս չէր տանում: Ախր Գոնչոյի անունը Բերիա է: Նրան բոլորը, մայրը՝ Սաթենիկը, հայրը՝ Արամայիսը, իմ մայրը, պապս, բոլորս, Բերիա ենք ասել: Նույնիսկ կատակում էին, որ Սաթենիկը վախենում է չարություն արած Բերիային անիծի, քանի որ մեծ մարդու անուն է կրում: Ի՞նչ պատահեց... Սաթենիկը հայհոյում է, մեղավորը մենք ենք՝ երեխաներս։ Ախր մենք նրան իսկի անունով էլ չենք դիմում: Միշտ «Գոնչո» ենք կանչել։

…Հանդիպեցինք մետրոյի «Երիտասարդական» կայարանի մուտքի մոտ: Ինքը ճանաչեց: Անսպասելիորեն գրկեց ու անունս գոռաց: Գոնչոն էր՝ ճաղատացած, գիրացած, փոխված: Արևածաղիկ ծախող կինը զարմացած նայեց մեզ՝ մեկս մեկիս արցունքը սրբող, գրկախառնվողներիս:
-Գնանք տուն,- առաջարկեց,- երկու քայլի վրա է: Գնանք, ոչ մի պատճառ ներելի չէ,- ամուր թևանցուկ արեց ու առաջնորդեց: Բացեց դուռն ու շեմքից կանչեց.
-Մա՜մ, արի տես ում եմ բերել... կճանաչե՛ս...
Միջանցքի ծայրում երևաց ծերացած, փոքրացած, մի բուռ դարձած Սաթենիկը: ՈՒշադիր զննեց ինձ: Շուրթերը դողացին, ձեռքերն առաջ մեկնեց.
-Բալա ջան, մատաղ լինեմ...
Ասես ինձ սպասելիս լինեին: Սեղանն անմիջապես ծանրաբեռնվեց ուտեստեղենով: Կինը՝ հաճելի արտաքինով Շուշանիկը, դասավորում էր խորտիկներն ու հասկացող հետևում էր մեր խոսակցությանը: Զգացվում էր, որ նա տեղյակ է ընտանիքի ճակատագրին ու մեկ անգամ չէ, որ այս հարկի տակ Սիբիրից հիշողություններ են պատմվել: Հյուրասենյակի պատին, ոսկեզօծ շրջանակում, Արամայիսի նկարն է՝ լուրջ, մի քիչ վախեցած, այնպես, ինչպես կար, ինչպես մնացել էր իմ հիշողության մեջ: Ներս մտան Բերիայի երկու տղաները՝ Արամայիսն ու Բորիսը:
-Բորի՞ս,- զարմացա ես,- տղայիդ քո անունն ե՞ս դրել:
Բազկաթոռում ընկղմված ընկերս ներողամիտ, խորհրդավոր ժպտաց: Հայացքը տամկացավ ու ինձ թվաց, թե նրա գոնչո, ճաղատ գլուխը ներս քաշվեց ուսերի մեջ:
-Ախր իմ անունը ո՛չ Բերիա է, ո՛չ Բորիս,- վերջապես ասաց նա:- Իմ անունը Սիփան է: Հենց դրա համար էին մերոնց աքսորել: Հորս ցույց էին տվել մատնագիրն ու հոխորտացել. «Թուրքիայի դեմ պատերազմ ես հայտարարում, հա՞, Սիփան ես ուզում...»: Մերոնք, աքսորից ազատվելու հույսով ու իրենց վախից, «Բերիա» կոչեցին ինձ ու պատվիրեցին ոչ ոքի ոչինչ չասել: Իսկ երբ Բերիային կալանավորեցին...
-Չորանար լեզուս, բալա ջան, էն ի՞նչ անեծքներ տվեցի քեզ,- շալի ծոպերի հետ խաղալով՝ արդարացավ Սաթենիկը,- ձերոնց, բոլոր հարևաններին նախօրոք զգուշացրել էի, որ չնեղանան, բալա ջան, ի՞նչ անեի։
Սաթենիկը լռեց՝ հայացքը ոսկեզօծ շրջանակին, որից մեզ էր նայում հանգուցյալ Արամայիսը՝ լուրջ ու միշտ վախեցած: Գլուխն ուսերի մեջ քաշած, ափերը բռունցքված, աչքերում լճացած արցունք, նստած էր Սիփանը, ճիշտ այնպես, ինչպես տարիներ առաջ, երբ Բորիս էր դարձել, ինչպես ցուրտ սիբիրյան այն օրը, երբ հոր տելեգրեյկան հագած կանգնած էր նրա դագաղի կողքին:

Դիտվել է՝ 154267

Մեկնաբանություններ