«Պուտինի Ռուսաստանը տեսանելի ապագայում մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը կլինի Եվրոպայում»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, հավելելով, որ պաշտպանական քաղաքականությունը պետք է «հանգամանորեն համապատասխանեցվի այս իրականությանը»։ Նա կոչ է արել պաշտպանել եվրոպական աշխարհակարգը և Ռուսաստանի դեմ պայքարում ուժեղացնել աջակցությունն ՈՒկրաինային։               
 

Ումբերտո Էկո. Մի օր դու կծերանաս

Ումբերտո Էկո. Մի օր դու կծերանաս
04.02.2014 | 22:12

Իմ թանկագին թոռնիկ, ես չեմ ուզում, որ Ծննդյան տոներին գրված այս նամակը խստիվ ուսուցողական դառնա, Դե Ամիչիսի ոգով, և քարոզի սեր առ մերձավորը, հայրենիքը, մարդկությունը և այդ ողջ շարքը: Դու ինձ չէիր լսի (դու արդեն մեծ ես, իսկ ես չափազանց ծեր եմ), արժեքային համակարգը այնքան է փոխվել, որ իմ հորդորները կարող են անտեղի մնալ: Ես ուզում եմ միայն մեկ խորհուրդ տալ, որ քեզ գործնականում կարող է օգնել հիմա, երբ դու օգտագործում ես քո պլանշետը: Ես քեզ խորհուրդ չեմ տա դրանով չզբաղվել, որովհետև վախենում եմ քեզ անխելք ծերուկ թվալ, ես ինքս էլ պլանշետ եմ օգտագործում: Ծայրահեղ դեպքում կարող եմ խորհուրդ տալ ուշադրությունդ չբևեռել հարյուրավոր պոռնոսայթերի վրա, որ ցուցահանում են սեքսուալ խաղեր մարդկանց, մարդկանց ու կենդանիների միջև: Մի հավատա, որ սեքսուալ հարաբերությունները այդ բավականին մոնոտոն շարժումներն են: Այդ տեսարանները ստեղծվում են, որպեսզի քեզ տանը պահեն և դու դուրս չգաս՝ ծանոթանալու իրական աղջիկների հետ: Ենթադրում եմ, որ դու հետերոսեքսուալ ես, հակառակ դեպքում իմ խորհուրդները ընդունիր իբրև հավելված քո իրավիճակին, բայց ուշադիր նայիր աղջիկներին դպրոցում կամ խաղահրապարակներում, որովհետև նրանք ավելի լավն են հեռուստահերոսուհիներից ու երբևէ նրանցից մեկը քեզ ավելի մեծ ուրախություն կընծայի, քան online աղջիկները: Հավատա ինձ, որովհետև ես ավելի մեծ փորձ ունեմ (եթե ես միայն համակարգչով սեքսուալ խաղերին հետևեի, քո հայրը երբեք չէր ծնվի, դու էլ չէիր լինի):

Բայց ես քեզ հետ այդ մասին չեմ ուզում խոսել, այլ հիվանդության, որ վարակել է քո և քո նախորդ սերնդին, որ արդեն համալսարաններում է սովորում: Ես խոսում եմ հիշողության կորստի մասին:
Ճիշտ է, որ եթե դու ուզենաս իմանալ՝ ո՞վ է Կառլոս Մեծը կամ որտե՞ղ է Կուալա-Լումպուրը, կարող ես սեղմել կոճակը և տեղնուտեղն ամեն ինչ իմանալ ինտերնետից: Սեղմիր կոճակը, երբ քեզ պետք է, բայց, տեղեկանքը ստանալով, աշխատիր հիշել կարդացածիդ բովանդակությունը, որպեսզի երկրորդ անգամ չորոնես, երբ այդ գիտելիքները քեզ պետք գան, օրինակ, դպրոցում: Դու գիտես, որ համակարգիչը ցանկացած պահի կպատասխանի քո հարցին և դու տեղեկատվությունը հիշելու անհրաժեշտություն չես զգում՝ դա շատ վատ է: Գիտես ինչի՞ է նման: Իմանալով, որ մի փողոցից մյուսին կարելի է հասնել ավտոբուսով կամ մետրոյով, որ շատ հարմար է շտապելիս, մարդը որոշում է, որ այլևս ոտքով քայլել պետք չէ: Բայց եթե դու դադարես քայլել, վերածվելու ես հաշմանդամի, որ հարկադրված է անվասայլակով տեղաշարժվել: Օ, ես գիտեմ, որ դու զբաղվում ես սպորտով և կարողանում ես կառավարել մարմինդ, բայց անդրադառնանք ուղեղիդ: Հիշողությունը նման է ոտքիդ մկաններին: Եթե դու դադարեցնես մարզել, նա կդառնա խլյակ և դու (ասեմ ուղիղ) կվերածվես ապուշի: Բացի այդ, մենք բոլորս տարիքն առնելու հետ կարող ենք Ալցհեյմերի հիվանդություն ձեռքբերել և այդ տհաճությունից խուսափելու միջոցներից մեկը հիշողությունը մշտապես մարզելն է: Գիտե՞ս ինչ արա: Ամեն առավոտ անգիր սովորի որևէ կարճ բանաստեղծություն, ինչպես մանկության օրերին: Կարող ես ընկերներիդ հետ մրցել լավագույն հիշողությամբ: Եթե պոեզիան քեզ չի գրավում, կարող ես հիշել ֆուտբոլային թիմերի կազմերը, բայց դու պետք է իմանաս ոչ միայն Հռոմյան ակումբի թիմերի խաղացողներին, այլև մյուս թիմերի, նաև նրանց կազմերը անցած ժամանակներում (պատկերացրու, որ ես հիշում եմ Սուպերգի բլուրին բախված ինքնաթիռում գտնված Թուրինի ակումբի խաղացողների անունները՝ Բաչիգալուպո, Բալարին, Մառոզո, և՝ այդպես): Մրցեք, թե ո՞վ ավելի լավ կհիշի կարդացած գրքի բովանդակությունը, մտաբերու՞մ են քո ընկերները երեք հրացանակիրների ու դ’Արտանյանի ծառաների անունները (Գրիմո, Բազեն, Մուշկետոն, Պլանշե)... Իսկ եթե դու չես ուզում «Երեք հրացանակիրները» կարդալ (թեպետ՝ չգիտես, թե ինչ ես կորցնում), նույն խաղը խաղա քո կարդացած ցանկացած գրքով: Դա խաղ է թվում, հենց խաղ է, որ կա, բայց դու կտեսնես, որ քո գլուխը լցվում է հերոսներով, պատմություններով ու ամենատարբեր հիշողություններով: Դու կհարցնես՝ ինչու՞ էին մի ժամանակ համակարգիչն անվանում էլեկտրոնային ուղեղ: Հենց այն պատճառով, որ համակարգիչը մտահղացվել է քո (մեր) ուղեղի օրինակով, բայց մարդու ուղեղն ավելի շատ կապեր ունի, քան համակարգիչը: Ուղեղը միշտ քեզ հետ գտնվող համակարգիչ է, նրա հնարավորությունները ընդլայնվում են վարժությունների շնորհիվ, իսկ քո սեղանի համակարգիչը տևական ժամանակ օգտագործվելիս կորցնում է արագությունը և մի քանի տարի հետո դու նորն ես գնում: Իսկ քո ուղեղը քեզ կծառայի մինչև 90 տարեկանը ու 90 տարեկանում, եթե դու նրան մարզես, դու կհիշես ավելին, քան հիշում ես հիմա: Բացի այդ՝ ուղեղդ անվճար է: Հետո կա նաև պատմական հիշողոթյունը, որը կապված չէ քո կյանքի փաստերի հետ կամ քո կարդացածի: Նա պահպանում է քո ծնունդից առաջ տեղի ունեցած իրադարձությունները:
Այսօր, ես դու կինոթատրոն ես գնում, ֆիլմի սկզբից պիտի գնաս: Երբ ֆիլմը սկսվում է, քեզ կարծես թե ձեռքիցդ բռնած առաջ են տանում՝ բացատրելով, թե ինչ է կատարվում: Իմ ժամանակ կինոթատրոն կարելի էր գնալ ցանկացած պահի, նույնիսկ ֆիլմի կեսից: Բազում իրադարձություններ էին տեղի ունեցել մինչև քո գալը ու դու պիտի լրացնեիր տեսածդ: Երբ ֆիլմը նորից էր սկսվում, կարող էիր ստուգել՝ ճի՞շտ են եղել քո կռահումները: Եթե ֆիլմը դուր էր եկել, կարող էիր մի անգամ էլ նայել: Կյանքը հիշեցնում է ֆիլմի դիտումը իմ ժամանակներում: Մենք ծնվում ենք այն պահին, երբ արդեն բազում իրադարձություններ են տեղի ունեցել հարյուր հազարավոր տարիների ընթացքում, և կարևոր է հասկանալ՝ ի՞նչ է կատարվել մինչև քո ծնվելը: Դա կարևոր է, որպեսզի ավելի լավ հասկանաս, թե ինչու են այսօր այդքան նոր իրադարձություններ տեղի ունենում:
Այսօր դպրոցը (բացի քո ընթերցանության շրջանակից) քեզ պիտի սովորեցնի հիշել այն, ինչ տեղի է ունեցել քո ծնվելուց առաջ, բայց դպրոցին դա վատ է հաջողվում: Տարբեր հարցումները ցույց են տալիս, որ այսօրվա երիտասարդները, նույնիսկ համալսարանականները, որ ծնվել են 1990 թվականին, չգիտեն, իսկ գուցե չեն ցանկանում իմանալ՝ ինչ է եղել 1980 թվականին, արդեն չեմ ասում՝ 50 տարի առաջ: Վիճակագրությունը վկայում է, որ երբ երիտասարդներին հարցնում են՝ ո՞վ է Ալդո Մորոն, նրանք պատասխանում են, որ Մորոն գլխավորում էր «Կարմիր բրիգադները», իսկ նա սպանվել է այդ ընդհատակյա ձախարմատական կազմակերպության անդամների ձեռքով:
«Կարմիր բրիգադների» գործունեությունը շատերի համար գաղտնիք է մնում, իսկ նրանք քաղաքական ասպարեզում էին ընդամենը երեսուն տարի առաջ: Ես ծնվել եմ 1932 թվականին, ֆաշիստների իշխանության գալուց տաս տարի անց, բայց ես գիտեի՝ ով է եղել վարչապետը Հռոմ արշավանքի ժամանակ: Գուցե ֆաշիստական դպրոցում ինձ նրա մասին պատմել են, որ բացատրեն, թե որքան հիմար ու վատն էր այդ նախարարը («վախկոտ Ֆակտան»), ում ֆաշիստները իշխանազրկեցին: Թեկուզ, բայց ես գիտեի նրա մասին: Բայց թողնենք դպրոցը: Այսօր երիտասարդները չգիտեն քսան տարի առաջվա կինոդերասանուհիներին, իսկ ես գիտեի՝ ո՞վ է Ֆրանչեսկա Բերտինին, որ նկարահանվում էր համր կինոյում իմ ծնվելու քսան տարի առաջ: Գուցե այն պատճառով, որ ես թերթում էի մեր տան նկուղում հավաքված հին ամսագրերը: Քեզ էլ եմ առաջարկում հին ամսագրերը թերթել, որովհետև դա օգնում է հասկանալ այն, ինչ տեղի է ունեցել քո ծնվելուց առաջ:
Բայց ինչու՞ է այդքան կարևոր հասկանալ վաղեմի անցյալի իրադարձությունները: Որովհետև հաճախ այդ գիտելիքները օգնում են հասկանալ այսօրվա իրադարձությունների ընթացքը և բոլոր դեպքերում, ինչպես ֆուտբոլային թիմերի կազմերի իմացությունը, օգնում են հարստացնել մեր հիշողությունը:
Հաշվի առ, որ դու կարող ես մարզել հիշողությունդ ոչ միայն գրքերի ու ամսագրերի օգնությամբ, այլև ինտերնետի, որ ոչ միայն ընկերներիդ հետ շատախոսելու համար է, այլև համաշխարհային պատմությունն ուսումնասիրելու: Ովքե՞ր էին խեթերը կամ կամիզակները: Ինչպե՞ս էին կոչվում Կոլումբոսի երեք նավերը: Ե՞րբ են անհետացել դինոզավրերը: Նոյի տապանի վրա նավաղեկ կա՞ր: Ինչպե՞ս էր կոչվում ցլի նախնին: Հարյուր տարի առա՞ջ, թե՞ հիմա են վագրերը շատ: Ի՞նչ գիտես դու Մալիի կայսրության մասին: Ո՞վ է պատմել: Ո՞վ է եղել երկրորդ պապը: Ե՞րբ է ստեղծվել Միկի Մաուսը:
Ես կարող եմ անվերջ հարցեր տալ և այդ հարցերը ուսումնասիրության հրաշալի թեմաներ են: Այդ ամենը պետք է հիշել: Մի օր դու կծերանաս, բայց դու կզգաս, որ հազարավոր կյանքեր ես ապրել, այնպես, ասես դու մասնակցել ես Վաթերլոոյի ճակատամարտին, ներկա ես եղել Հուլիոս Կեսարի սպանությանը, եղել ես այնտեղ, որտեղ Բերտոլդ Շվարցը, փորձելով ոսկի ստանալ, անոթում խառնում էր տարբեր նյութեր և պատահաբար հայտնագործեց վառոդն ու հօդս թռավ (տեղն էր նրան): Իսկ քո մյուս ընկերները, որ չեն ձգտում հարստացնել իրենց հիշողությունը, կապրեն միայն իրենց մեկ կյանքը՝ միապաղաղ ու մեծ հույզերից զուրկ:
Հարստացրու հիշողությունդ և վաղը անգիր արա «La Vispa Teresa»-ն:

Թարգմանությունը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 151673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ