2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Հովհաննեսի Հայտնության գրքի պատգամը

Հովհաննեսի Հայտնության գրքի պատգամը
24.01.2014 | 13:08

Աստվածաշնչի ամենավերջին գիրքը, որը կոչվում է «Հովհաննեսի հայտնություն», իր խորհրդաբանական պատկերներով ու նկարագրությամբ մշտապես մարդկանց գրավել է և ապագայի վերաբերյալ մարգարեական նկարագրությամբ հետաքրքրել, թեև համարվել է ամենադժվար մեկնելի գիրքը: Այն գրել է Հովհաննես առաքյալը Եգեյան ծովում գտնվող Պատմոս կղզում:

Գրության ժամանակի վերաբերյալ տարակարծությունները դեռևս մնում են, այնուամենայնիվ, այն գրվել է ոչ շուտ, քան 64 թ. ներոնյան հալածանքները և ոչ ուշ 95 թ., քան Դոմիտիանոսի իշխանության շրջանը: «Հայտնություն»-ը ոչ միայն մեծ մարգարեական գիրք է ապագայի վերաբերյալ, այլև կանխորոշում է մշակույթի ճգնաժամն ու մարդկության արժեհամակարգի անկումը և միևնույն ժամանակ զգուշացնում վերահաս արհավիրքների մասին: Այդուհանդերձ Հայտնության գիրքը ավետում է Քրիստոսին հավատարիմ մարդկանց փրկության ու հաղթության լուրը և լուսավոր ապագայի հույսը վերստին վերահաստատում հատկապես դժվարությունների և փորձությունների մեջ գտնվող քրիստոնյաների համար: Գրքի հունարեն վերնագիրը` Apocalypsis, հրաշալիորեն թարգմանվել է «հայտնություն» բառով, ինչպիսին իրականում է: Ապոկալիպտիկ գրականությունը պատկանում է հրեական սրբազան գրվածքների գրական ժանրին: Նախ` ինչ է ապոկալիպտիկը: Այն աստվածաշնչյան յուրօրինակ ժանր է և ընդհանրապես հնագույն գրական ժանրում: Աստված հայտնում է ինչ-որ պատգամ, իրողություն Իր կողմից ընտրյալ անձանց, ովքեր պատմում են աշխարհին, թե ինչ է տեղի ունենալու ապագայում, ինչպիսի ուժեր են կառավարում աշխարհը և թե ուր է գնում մարդկությունը և ամբողջ տիեզերքը: ՈՒստի, Հայտնության գիրքը մասն է աստվածաշնչյան գրական մի ուղղության, որը կոչվում է ապոկալիպտիկ: Գրական որևէ ժանր ճանաչելու համար անհրաժեշտ է ճանաչել այն դարաշրջանը, որին տվյալ երկը պատկանում է, շրջապատող հանգամանքներն ու մշակույթը: Հայտնության գիրքը բովանդակում է սիմվոլներ ու խորհրդանշական ներկայացումներ: Կնիքները, փողերը, գավաթները և մյուս պատկերները վկայակոչում են ոչ թե պատմական իրադարձություններ կամ դրանց մանրամասները, այլ պատմության ընթացքում գործող սկզբունքներ: Դրանց գործունեության ¥նշանակության¤ ոլորտն ընդարձակ է: Բովանդակության և խորհրդանշանների վերլուծություն չներկայացնելով` համառոտ նշենք ընդհանուր դրույթները, որպեսզի պարզորոշ կերպով հայտնության պատգամը լուսաբանված լինի, քանի որ կան նաև բազմաթիվ մեկնություններ, աստվածաբաններ, մեկնաբաններ և հատկապես ինքնակոչ ժամանակակից «մարգարեներ», ովքեր մակերեսային մոտեցում են ցուցաբերում` խառնելով որոշ հանգամանքներ, ինչպես օրինակ` հազարամյա թագավորության վերաբերյալ, որի մասին դեռևս Օգոստինոս Երանելին նշում է, որ ներկա ժամանակահատվածը՝ Քրիստոսի առաջին գալուստից մինչև Նրա վերադարձը, հազարամյա դարաշրջանն է և հազար թիվն այստեղ սիմվոլիկ իմաստ ունի` սկիզբ և ավարտ ունեցող լրման խորհուրդ և ոչ թե երկրային ժամանակագրական իմաստ: Այս մասին նաև իրենց «Տեսական աստվածաբանություն» աշխատություններում ներկայացնում են Մաղաքիա արք. Օրմանյանը և Շնորհք արք. Գալուստյանը: Հովհաննեսի Հայտնության ամբողջական մեկնության պահպանված առաջին երկը Փոքր Ասիայի Կեսարիա քաղաքի երանելի Անդրեաս արքեպիսկոպոս Կապադովկացու Մեկնությունն է: Հավանաբար այն գրվել է 563-ից 614-ն ընկած ժամանակահատվածում: Իր աշխատանքում նա բացահայտում է Հայտնության եռակի իմաստը` տառացի, բարոյական և խորհրդաբանական մեկնությունները: Հետագայում հայտնութենական այս գրքի բոլոր լուրջ լուսաբանումները հիմնված են Անդրեաս Կապադովկացու երկի մեկնության վրա` որպես առաջին հիմնական աղբյուր: Հայ հոգևոր իրականության մեջ Հովհաննեսի Հայտնության գրքի ամբողջական մեկնությանն անդրադարձել են սուրբ Գրիգոր Տաթևացին և Պետրոս արքեպիսկոպոս Բերդումյանը: Արևելքում երկար ժամանակ «Հայտնություն»-ը չէր ընդգրկվում Նոր կտակարանի կանոնի մեջ, իսկ այն 12-րդ դարում հայերեն է թարգմանել Ներսես Լամբրոնացին, որից հետո աստիճանաբար ընդգրկվել է հայերեն Աստվածաշունչ մատյանների մեջ: Սակայն եկեղեցական ծիսակարգում «Հայտնություն»-ից ոչ մի ընթերցում չի կատարվում:
Ռուս ուղղափառ եկեղեցու կարկառուն աստվածաբան Ալեքսանդր Մենն ասում է, թե շատերը կարծում են, որ Հայտնության գիրքը հասարակ մարդու համար ամբողջապես փակ ու անհասանելի գիրք է: Երբեմն կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ աստվածաշնչյան այս գիրքը գրված է ոչ թե մարդկանց համար, այլ ինչ-որ անհայտ նպատակով: Այդուհանդերձ սբ. Պողոս առաքյալն ասում է, թե Աստծո շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար (Բ Տիմ. 3.16): Հետևաբար այս գիրքը, և ընդհանրապես վախճանաբանությունը, չի համարվում արգելված այն կարդալու ու հասկանալու համար, և նրա բովանդակությունը այդքան էլ անհասկանալի չէ, ինչպես թվում է: Հայտնության գրքի սիմվոլների իմաստների մեծ մասը ավելի հասկանալի է դառնում, երբ կարդում ենք Հին կտակարանը, քանի որ հեղինակը կրում էր այդ լեզվամտածողությունը և մտածում էր այդ հասկացություններով, հինկտակարանյան պատկերներով ու խորհրդաբանությամբ: Այն սովորական ժանր էր Ք. ա. 1-ին դարում, և Հայտնության առաջին ընթերցողները հրաշալիորեն հասկացել են այն: Նշենք նաև «7» թվի կարևորությունը: Նամակներն ուղղված են յոթ եկեղեցիների: Այս թիվը հայտնվում է մոտ հիսունչորս անգամ: Դա հավաստում է այն դրույթը, համաձայն որի` խորհրդանիշերը վկայակոչում են մարդկային վարքի, ինչպես նաև աստվածային կառավարման սկզբունքներ` իբրև կատարելության ու լիալրության նշան: Աստծո ծրագիրը մարդկանց փրկության հույսի ու Քրիստոսի գալստյան խոստման վերհիշեցումն է: Գրքի ուշադիր ընթերցանությունը վեր է հանում յոթ բաժնից կազմված գրական կառուցվածքը: Դրանք զարգանում են զուգահեռաբար: Բոլոր բաժիններն ուրվագծում են Քրիստոսի գալուստից մինչև Նրա վերադարձը: Ամեն անգամ, երբ որևէ բաժին հասնում է Դատաստանի օրվան, հեղինակը հետ է դառնում` քննություն առնելու մի նոր բաժին և սկսելու հենց սկզբից: Այդ բաժինը դարձյալ նկարագրում է նույն շրջանը, սակայն տարբեր դիտանկյունից և տարբեր խորհրդանիշերով: Այդ յոթ բաժինները կարելի է այսպես ներկայացնել.
ա. Քրիստոսի եկեղեցին աշխարհում - գլուխ 1 -3 (ճրագակալները)
բ. եկեղեցին տառապում է հալածանքից - գլուխ 4-7 (կնիքները)
գ. եկեղեցու համար վրեժ է լուծված, այն պաշտպանված է ու հաղթանակած - գլուխ 8-11 ¥փողերը),
դ. Մեսիայի մարտը չար ուժերի դեմ - գլուխ 12-14 (Քրիստոսն ու Վիշապը),
ե. Աստծո վերջնական զայրույթը հարվածում է չզղջացողներին - գլուխ 15-16 (յոթ սափորները),
զ. Բաբելոնի ու գազանների անկումը - գլուխ 17-19 (Բաբելոն),
է. Վիշապի դատապարտումը, Քրիստոսն ու Իր եկեղեցին հաղթողներն են - գլուխ 20-22։
Այսպիսով այս ամենը ներկայացնում է այն շրջանը, որն ընկած է Քրիստոսի առաջին գալստյան ու Նրա վերադարձի միջև: Հիշյալ հատվածները, սակայն, պարզ կրկնություններ չեն: Դրանցից յուրաքանչյուրը մի նոր տարր է ավելացնում նախորդ բաժնի մտածողությանը: Ամեն բաժին իր տեղում է, և ոչ մի տեղ չկա որևէ շփոթմունք: Այսպես, եկեղեցին գործում է ինչպես ճրագակալ: Այն կրում և տարածում է լույս: Իսկ մթությամբ պարուրված աշխարհը հալածում է Եկեղեցուն: Սա է հալածանքի յոթ կնիքների իմաստը: Սակայն Աստված հալածողներին չի թողնում անպատիժ: Նա իր դատաստանն իրականացնում է նաև աշխարհի վրա, որի խորհրդանիշը յոթ փողերն են: Եթե աշխարհը հաշվի չի առնում այդ դատաստանը, ապա ստանում է աստվածային զայրույթով լի յոթ գավաթ և այլն:
Ծանր ժամանակներ էին քրիստոնյաների համար: Իր խելացնոր ցանկությունների համար Հռոմը հրդեհի մատնած Ներոն կայսրը ամբողջությամբ մեղքը բարդում է քրիստոնյաների վրա, ու սկսում են հալածանքները սաստկանալ: Անմեղ մարդկանց աննկարագրելի տանջանքների են ենթարկում: Բազմաթիվ քրիստոնյաներ նետվում են սոված գազանների առաջ, որպեսզի հեթանոս հանդիսատեսների համար ավելի հետաքրքիր տեսարժան ներկայացումներ կազմակերպվեն: Մյուսներին այրում են, խաչը բարձրացնում մոխրի մեջ պատված Հռոմ քաղաքի փողոցների երկայնքով, իսկ կայսրը իր շքախմբի հետ ձիակառքով շրջում է ու իր հաղթանակն ավետում ընդդեմ քրիստոնյաների՝ խոստանալով Հռոմեական կայսրության երեսից ջնջել քրիստոնյաներին: Ահա այսպիսի ահասարսուռ տեսարանները, տանջանքները, հալածանքները, նահատակությունները անընդհատ հարց են առաջացնում քրիստոնյաների մեջ, թե` մինչև ե՞րբ, Տե՛ր... (Հայտ. 6.10): Եվ արդեն կրկին վերահաս հալածանքների ալիքը հատկապես Փոքր Ասիայում, Դոմիտիանոս կայսեր օրոք, կրկին դառնում է անմեղ քրիստոնյա զոհերի պատճառ: Իսկ Հովհաննես առաքյալն աքսորված է Պատմոս կղզի: Մյուս առաքյալները բոլորը նահատակված են: Քրիստոնյաների ապագան մշուշոտ ու մռայլ է երևում այս բոլոր իրադարձությունների ներքո, և այդ ժամանակ Աստված հայտնվում է առաքյալին ու տալիս պատասխանը, թե մինչև երբ..., որ Ինքը չի մոռացել իր ժողովրդին, իր եկեղեցուն և որ շուտով գալու է վերջ դնելու այդ տառապանքներին ու անարդարություններին: Ինչպես ասվում է Հայտնության վերջին խոսքերում, թե «Ով այս մասին վկայեց, ասաց. «Ես գալիս եմ շուտով»: Ամեն: Ե՛կ, Տե՛ր Հիսուս Քրիստոս» (Հայտն. 22.20):


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 5144

Մեկնաբանություններ