Մայիսի 2-ից Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ կապված բոլոր արտահանումներն ու ներմուծումները, թեև Անկարան պաշտոնապես չի հայտարարել այս մասին՝ տեղեկացնում է Bloomberg-ը: Անցյալ ամիս Թուրքիան Գազայի պատերազմի պատճառով սահմանափակել էր արտահանումը Իսրայել: 2023 թվականին երկու երկրների միջև առևտուրը, ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի, կազմել է 6,8 միլիարդ դոլար, որի 76 տոկոսը թուրքական արտահանումն է:                
 

Հայացք մշտահոլովի տեսանկյունից (հետգրության կարգով)

Հայացք մշտահոլովի տեսանկյունից (հետգրության կարգով)
20.04.2024 | 08:45

Ինձ թվում է` հակիրճ վերլուծեցի ու նաև պարզեցի վերոհիշյալ ստեղծագործությունների միջև եղած ընդհանրությունը։ Թվալով չէ, սակայն, կա մեկ այլ իրականություն, մեկ այլ բան, որ ծածուկ է։
Տեսանելին տեսնելուց բացի, ներսը նայենք, տեսնենք անտեսանելին. Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազարի» Նազանն իրո՞ք ընդունում է իր ամուսին Նազարին, հոգու խորքում, սրտի մեջ հավանում, հարգու՞մ է, արդյոք հա՞շտ է, արդյոք սիրու՞մ է նրան։
Նազարի՞ն է պահում ու պաշտպանում, թե՞ իրեն ու իր ընտանիքը։
ՈՒզում եմ ասել` ինչպես քաջի դեր տանող վախկոտ Նազարինը, այնպես էլ հնազանդ ձևացող Նազանինը խաղ է։ Նազանը սրտի մեջ չի կարող ընդունել Նազարին ու չի կարող սիրել։
Ինչու՞ է խաղում, խաղի նպատակը ո՞րն է։
Կամ հեռանալու է Նազարից կամ էլ շարունակելու է Նազարի հետ համատեղ ապրել։
Նախընտրում է ապրելը։
ՈՒրեմն, խաղալու է, որպեսզի մարդիկ ասեն՝ ընտանիք ունի, հաշտ են ու սիրով։ Նազանի համար կարևոր է հասարակական կարծիք կոչվածը։ Պալատ մտած Նազանը, ահա, բոլորովին
հարգանք չունի թագավոր դարձած Նազարի հանդեպ, չի էլ
ուզում թագավոր ճանաչել ու ճանաչվել որպես թագուհի։
Մարմնական ցանկություն զգալիս է նա ինքն իրեն թագուհու տեղ դնում, այլապես թագուհի լինել-կոչվելն իր բանը չէ,
որովհետև նրան հայտնի է ճշմարտությունը, ճանաչում է թե՛ Նազարին և թե՛ ինքն իրեն։ Այդտեղ, պալատում, իր կարծիքով, նույն խաղը խաղալու խնդիր չունի, ինքը ի զորու չէ այդ
անսովոր դերը տանելու։ Եվ եթե գյուղական խրճիթում,
բնությանն ընկերացած, կարող էր այսպես ասած, երջանկության պատրանք ունենալ, ստեղծել, այստեղ՝ պալատում,
պալատական բարքերի առկայության մեջ, դա պարզապես
հնարավոր չէ։
ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ գրողի տեսած, պատկերած կերպարները, մեծ մասամբ, երկակի բնույթ են կրում։ Սիրում, կարեկցում է գրեթե բոլորին։ Մարդիկ նրա աչքին կենդանի, արդեն գրված (բանավոր գրված) գրքեր են։ «Քաջ Նազարի» մեջ պատկերված կաքավող կինը, որ անբարո կնոջ դեր է տանում,
պորտապարուհու դեր՝ շոյող, կանչող և միաժամանակ խոցող թովչանքով, ինքը ինքը չէ, նրանը նույնպես խաղ է,
պարտականություն։
Այս կինն իր էության մեջ ցանկասեր չէ, պոռնիկ չէ, սակայն,
աշխարհ-խաղաբեմում նա նման դեր է ստանձնել և փայլուն
խաղում է։ Որպես անձնավորություն, բացասակա՞ն համարենք այս կնոջը։ Իհարկե, ոչ։ Ինքը մտել է տվյալ դերի մեջ,
մարմնավորում է տվյալ կերպարը։ Ասենք, Շեքսպիրի
«Համլետ»-ում Յագոյի դերը տանող Սոս Սարգսյանը
բացարձակ կապ չունի Յագոյի էության ու կյանքի հետ, ինքը խաղում է։
Մկրտիչ Սարգսյանի Քաջ Նազար կոչվածն էլ բոլորովին կապ չունի թագավորի և թագավորական գահի հետ։
Վախկոտ Նազարը քաջ երևալ էր ուզում իր կնոջ աչքին և ոչ
աշխարհի։ Բայց այնպես է պատահում, որ փուչ աշխարհի փուչ մարդկանց քաջ երևացող Նազարը հարկավոր է լինում։ Որպես թագավոր, Նազարը կատարյալ լինել չէր կարող, սակայն, որպես ծույլ ու անբան, զգուշավոր ու վախկոտ մարդ, Նազարը
կատարյալ է, անթերի. Ինչ-որ փոխելու, ինչ-որ բան ավելացնելու խնդիր չկա։ Նազարը նույնիսկ սիրելի է՝ որպես
կատարելություն։ Նա իր տանը, գյուղական խրճիթում, իր
Նազան անունով կնոջ կողքին չարիք չէ, մինչդեռ պալատում, թագավորական գահին չարիք է, այն էլ ինչպիսի՜։ Ինչ խոսք, Մկրտիչ Սարգսյան գրողի գիրն ունի ենթատեքստ` թող ամեն մարդ աշխարհում իր տեղն ու իր կոչումն իմանա, այլապես թե՛ ինքն է կորստյան մատնվելու և թե աշխարհը։
Մկրտիչ Սարգսյան երանելի մարդը աշխարհն ատողների մեջ չէ, աշխարհի կերպը սիրողների մեջ էլ չէ, աշխարհի համար
ցավողների մեջ է։ Հոգևոր է նրա հայացքը. պորտապարուհու, տարաբախտ այդ աղջկա սրտին է նայում, սիրտն է տեսնում։ Ոչ թե այդ կինն ինքն է ընտրել այդ ճանապարհը, այլ աշխարհը, որ բարոյազուրկ է, մղել, նրան դուրս է բերել այդ ճամփի վրա։ Կինն ապրում է փուչ կյանքով, որովհետև ստիպված ընդունել է փուչ աշխարհի կերպը։ Մարմնավոր մարդու հայացքով է այդ կինը շնացող, մինչդեռ, ասացի, հոգով առաջնորդվող Մկրտիչ
Սարգսյան մարդու աչքին այդ անբարո համարված կինը մայր է, քույր է, տարաբախտ և անօգնական, նույնիսկ հալածական մի էակ։ Կարեկցելով է գրիչ վերցրել և ոչ փնովելով։ Ասացի, սիրելով է գրիչ վերցնում և ոչ ատելով։
Այնպես որ, Մկրտիչ Սարգսյան հեղինակի գործը բարության սերմեր ցանելն է, մարդու մեջ եղած գութն արթնացնելը։ Չի
ուրախանում, որ թշնամական, ֆաշիստական կոչված բանակի ջահել-ջիվան, բարետես, գեղեցիկ կազմվածքով տղաներն
ընկնելու են հերթական մարտերից մեկում, այլ ընդհակառակը՝ ափսոսանք է ապրում, ցավ է զգում, բնույթով համամարդկային ցավ։
Ի վերջո, Մկրտիչ Սարգսյանը, նայելով այս տղաներին, տեսնում է իրեն, որ նույնպես զինվոր է, տեսնում իր բախտակցին, իր
հոգու մերձավորին, հարազատին։ Այստեղ են ասել` ուրիշի վիշտ չկա։
Հեմինգուեյին հիշեմ, հարցը հիշեմ. «ՈՒ՞մ համար է զանգը հնչում»։
Պատասխանը` «Քեզ համար»։
Հրաշալի կերպար է, ասենք, Մկրտիչ Սարգսյանի Սերժանտ
Կարոն, որովհետև հեղինակը` հանձին Կարոյի, դարձյալ
տեսնում է իրեն։ Կարոն ինքն է, Կարոյին սիրում է, ինչպես իր անձը։ Օրինակները շատ են, Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքի Գիքորը հավիտենական կյանքով ապրելու է,
որովհետև անիրավ աշխարհի զոհ է, անմեղ երեխա Գիքորը Թումանյանն ինքն է։ Գիքորի ցավը Հովհաննես Թումանյան
մարդու ցավն է։ Թումանյանն ինքն էլ հայրենի տունը թողել և
աշխարհ էր մտել, այն աշխարհը, որին նախապես անիրավ է
կոչում Գիքորի մայրը։ Այստեղ էլ անիրավ կոչողը մայրը չէ,
Թումանյանն ինքն է։
Գիքորը միայն գյուղացի Համբոյի երեխան չէ, մեզանից ամեն
մեկի երեխան է։ Միայն Թումանյանը չէ, որ ինքն իր ներսում
իրեն Գիքոր է զգացել։ Մենք բոլորս Գիքորներ ենք այս
աշխարհում։ Տեսեք, Վահան Տերյանը չի ասում` ես մանուկ եմ որբ, այլ ասում է. «Մենք բոլորս, բոլորս մանուկներ ենք որբ, // Մանուկներ ենք մենք կորած…»։
Պանդխտացած հայն աշխարհի չորս ծագերում, այստեղ, այնտեղ որբ է ու կորած կամ էլ կորչող, որովհետև աշխարհն ինքը կորստյան ճանապարհին է. դարձած է դեպի նյութը, դեպի
մարդու (և ոչ միայն մարդու) մարմինն ու մարմնական
ցանկությունը։ Չի բացառվում աշխարհի վերջը, որովհետև,
ինչպես տեսանք Պուշկինի «Ոսկե ձկնիկը» և Մկրտիչ
Սարգսյանի «Քաջ Նազարը» վերնագրերով
ստեղծագործությունների մեջ, աշխարհը բեմ է, բեմահարթակ, մարդիկ` դերասաններ։
Աշխարհը խաղ է, կեղծիքի վրա հիմնված խաղ, իսկ խաղը, ուզի թե չուզի, ավարտվելու է։ Այս ամենից բացի, պղծվում է հողը, որ սուրբ է, մարդը մոռանում, ուրանում է հոգին։ Մահ պատճառող երևույթներն ավելի շատ են աշխարհում, քան` կյանքի կոչող։ Մարդիկ իրենց իսկ շուրթերով ոչ թե հավիտենական կյանքն են հռչակում, այլ` մահը («Մի օր ծնվել ենք, մի օր էլ պիտի
մեռնենք»)։
Երկինք չեն նայում, չեն դառնում դեպի Աստված, Աստծո երեսը չեն փնտրում։ Մարդկությանն ապաշխարության կանչող
աստվածաշնչյան Հովհաննես Մկրտիչի ձայնը դեռևս հնչում է խավարի մեջ խարխափող մարդու հոգու անապատում։
«Ապաշխարեցե՛ք, ապաշխարեցեք... ՈՒղղեցեք ձեր ճանապարհները»։

Հարություն ՀՈՎՆԱԹԱՆ
Վրաստան, Ախալցիխեի շրջան, գ. Սխվիլիսի,
սեպտեմբեր, 2023 թ.

Դիտվել է՝ 957

Մեկնաբանություններ