Մայիսի 2-ից Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ կապված բոլոր արտահանումներն ու ներմուծումները, թեև Անկարան պաշտոնապես չի հայտարարել այս մասին՝ տեղեկացնում է Bloomberg-ը: Անցյալ ամիս Թուրքիան Գազայի պատերազմի պատճառով սահմանափակել էր արտահանումը Իսրայել: 2023 թվականին երկու երկրների միջև առևտուրը, ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի, կազմել է 6,8 միլիարդ դոլար, որի 76 տոկոսը թուրքական արտահանումն է:                
 

Իմ քաղաքի ծանոթ, հարազատ խճանկարից մի կարևոր սալիկ էլ է պակասելու

Իմ քաղաքի ծանոթ, հարազատ խճանկարից մի կարևոր սալիկ էլ է պակասելու
20.04.2024 | 06:56

Մաշտոցի այգու խորքում մի մեծ խնձորենի կար. կարող ա հիմա էլ կա, վաղուց չեմ եղել։ Խնձորի սեզոնին, երբ առավոտ շուտ Տոմիկիս հետ այգի էինք գնում՝ զբոսնելու, դեռ այգին դատարկ-դատարկ էր լինում, բայց միշտ մի հոգի կամ երկու հոգի տեսնում էինք խնձորի ծառի տակ՝ ճյուղերից խնձոր էին պոկում, գետնին թափածներն էին հավաքում։ Բարձրահարկ շենքերի մեջ խեղդված՝ քաղաքի ամենակենտրոնում... ու մարդիկ ծառից խնձոր են քաղում։ Դրանից քաղաքին կարծես մի նոր չափում էր ավելանում, քաղաքը դառնում էր քառաչափ, բազմատարածական։ Էդ մի մինուճար խնձորի ծառը դառնում էր մի ամբողջ խնձորի այգի, որ տարածվում էր փողոցների ու շենքերի վրա, ու կանաչ խնձորների միջով մեքենաներ էին գնում-գալիս։ Աղջամուղջի մեջ վեր խոյացող շենքերի մռայլ պատերն ասես կենդանանում էին։

Սա հիշեցի, որովհետև նոր մի տեղ կարդացի, որ մեր քաղաքի թանկագին իշխանությունը որոշել ա փոխարինել բոլոր մրգատու ծառերը։ Չգիտեմ՝ ինչով ա որոշել ու ինչով ա որոշել փոխարինել, բայց զգում եմ, որ իմ քաղաքի ծանոթ, հարազատ խճանկարից մի կարևոր սալիկ էլ ա պակասելու։
Իսկ ո՞վ ա ասել, թե քաղաքում ամեն ինչ պիտի ամուլ լինի, ո՞վ ա ասել, թե ծառերը չպիտի բերք տան, պատերը չպիտի մամռակալեն, ժպիտները չպիտի վարակեն։ Ո՞վ ա հնարել քաղաքային էդ մեռած սիմետրիկան, ու՞մ ա դա պետք։ Ո՞վ ա ասել, թե քաղաքը պետք ա խեղդել ուղղահայաց ու հորիզանական գծերի մեջ ու մարդկանց զրկել բնության նախշերից, ո՞վ ա ասել, թե քաղաքացին պիտի միայն փոշի ու բենզին շնչի, չիմանա թե ինչ հոտ ունի ծիրանի ծառը, ծաղկած մասրենին։
Ես չգիտեմ, թե մեր քաղաքի իշխանությունն ինչքանով ա քաղաքացի, բայց ես երևանցի եմ՝ ծնվել ու ամբողջ կյանքս ապրել եմ քաղաքում, ու իմ համար բնական ա, որ իմ քաղաքը շնչի, ծառերից թութ թափվի ասֆալտին, ինչ-որ տեղեր խորդուբորդ պատեր լինեն, ինչ-որ տեղեր անհավասար մայթեր։ Էդ ա կենդանի քաղաքը, էդ խորդուբորդությունների մեջ ա բույն դնում քաղաքի համն ու հոտը, կենդանությունն ու հիշողությունը։
Ես ուզում եմ, որ իմ քաղաքում մարդիկ ծառերից խնձոր քաղեն, երեխեքը թթենու ճյուղերին նստած թութ ուտեն, ես ուզում եմ, որ իմ քաղաքի պուրակներում խոտերի մեջ ոչ թե ինչ-որ տեղից եսիմ ինչ գներով առած էկզոտիկ ծաղիկներ ու արգելող նշաններ լինեն, այլ երեխեքը վազվզեն ու խաղան, մարդիկ նստեն ու պառկեն էդ խոտերի մեջ, մի փոքր ազատվեն քաղաքի աղմուկից ու փոշուց, մի քիչ խոտ շնչեն, մի քիչ բնություն զգան։
Էդ ա քաղաքը, իսկ էն ինչ դուք երազում եք անել, կոչվում ա համակենտրոնացման ճամբար։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 3109

Մեկնաբանություններ